2 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ամերիկյան JPMorgan բանկի վերլուծաբանները 2010 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի բարձրացում են կանխատեսում օրական 1,5 մլն բառելով` օրական մինչեւ 86 մլն բառել: Անցյալ ամսին բանկը 2010 թվականին համաշխարհային պահանջարկը կանխատեսում էր օրական 85,7 մլն բառելի մակարդակին: Եկող տարի նավթի պահանջարկի ընդհանուր ծավալից Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրներին բաժին կընկնի օրական 45,8 մլն բառել, կազմակերպության մեջ չմտնող երկրներին` օրական 40,2 մլն բառել: Այս տարի, ըստ բանկի վերլուծաբանների կանխատեսումների, նավթի համաշխարհային պահանջարկը կկրճատվի օրական 1,8 մլն բառելով` օրական մինչեւ 84,5 մլն բառել: 2009 թվականի չորրորդ եռամսյակում նավթի համաշխարհային պահանջարկն, ըստ կանխատեսումների, կկազմի օրական 85,2 մլն բառել: ՏՀԶԿ-ի անդամ երկրներն այս տարի կսպառեն օրական 45,6 մլն բառել նավթ: Կազմակերպության մեջ չմտնող երկրներում նավթի պահանջարկը, կանխատեսումների համաձայն, այս տարի կմեծանա 0,4 մլն բառելով` օրական մինչեւ 38,9 մլն բառել: Ամերիկյան բանկը 2009 թվականին նավթի համաշխարհային մատակարարումների ծավալի կրճատում է կանխատեսում 1,9 մլն բառելով` օրական մինչեւ 84,4 մլն բառել: