Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ փուլում ՀՀ տղամարդկանց հավաքականը 3-9-րդ, կանանց թիմը` 6-րդ տեղում է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ փուլում 3:1 հաշվով հաղթել է Սերբիա-2 թիմին: Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ են տոնել, իսկ Լեւոն Արոնյանը եւ Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացել: Նախորդ` 3-րդ, փուլում Հայաստանի շախմատիստները 1,5:2,5 հաշվով զիջել են Սերբիա-1 թիմին: Մրցաշարի 4-րդ փուլից հետո Հայաստանի շախմատիստները 6 միավորով կիսում են 3-9-րդ տեղերը: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 4-րդ փուլում կրել է իր առաջին պարտությունը՝ 1,5:2,5 հաշվով Վրաստանի թիմից: Հաղթանակ է տարել Սիրանուշ Անդրեասյանը, ոչ-ոքի է խաղացել Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը պարտություն են կրել: Մրցաշարի 4-րդ փուլից հետո Հայաստանի շախմատիստուհիները 6 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը: