Հայաստանում այսօր նշվում է գինու տոնը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Այսօր Հայաստանում նշվում է գինու տոնը: Այն ամեն տարի, որպես ավանդույթ, անցկացվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: Հայաստանյան մի շարք գինիներ դասվում են համաշխարհային ընտրանիների շարքին: Հայկական խաղողի տեսակները կլիմայական յուրահատուկ պայմանների շնորհիվ ունեն շաքարի բարձր տոկոս, հետեւաբար առանձնանում են սպիրտի քանակությամբ, ինչն էլ նպաստում է առավել թունդ եւ կիսաքաղցր գինիների ստացմանը: Գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը հանդիսացել է գինու զարգացած արտադրությամբ պետություն: Հնագետները Թեյշեբաինի ամրոցի գինու պահոցներում գտել են 480 կարասներ, որոնք պարունակել են շուրջ 37 հազար դեկալիտր գինի: Մեր ժամանակներ են հասել գինու եւ գարեջրի արտադրության բազմապիսի տեխնոլոգիաներ: Հայաստանյան խաղողի մեծ մասն օգտագործվոմ է կոնյակի արտադրության մեջ, այդ է պատճառը, որ հայկական արտադրության գինին փոքր քանակով է արտահանվում երկրից: