Ավարտվեց ՀՀ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի հիմնական առանցքում տնտեսական համագործակցության հարցեր են եղել: «Քննարկումների հիմնական թեմաները վերաբերել են տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանը: Հաջորդ տարի պատվիրակություն կընդունենք Էմիրություններից, որի ժամանակ ձեռք կբերենք նաեւ բարձրաստիճան այցի վերաբերյալ պայմանավորվածություններ: Նկատելի էր նաեւ արաբական կողմի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, եւ կփորձենք եզրեր գտնել փոխշահավետ համագործակցության համարե,- ամփոփելով այցը` ասել է ՀՀ նախագահը: ԱՄԷ այցը կարեւոր է համարել արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որով, ըստ նրա, համագործակցության նոր ոլորտի` ներդրումների կատարման հիմք է դրվելու: Նա նշել է, որ արդեն կոնկրետ ծրագրեր կան այդ ուղղությամբ: Նախարարն առանձնացրել է նաեւ քաղաքական երկխոսությունը. «Արաբական ցանկացած երկիր այցելություն մեզ համար կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հարցի առումով, որովհետեւ Ադրբեջանը հնարավորություններ ունի Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության շրջանակում միանշանակ իր տեսակետները ներկայացնելու, այնպես որ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճիշտ էությունը, Հայաստանի մոտեցումները, հարցի մյուս երեսը ներկայացնելու համար սա սքանչելի հնարավորություն է եւ դա, իհարկե, արվեց բոլոր հանդիպումներումե: