Հասարակական

Լորշ եւ Գեղարդ վանքերի միջեւ ստորագրվեց բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սուսաննա Պետրոսյան): Այսօր ստեղծվեց հայ-գերմանական հոգեւոր, կրթական, գիտական եւ մշակութային համագործակցության հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում են պետական, մասնավոր եւ կրոնական կազմակերպությունների, այդ թվում նաեւ Գերմանիայի Դոյչե բանկի եւ Հայաստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Խորհուրդը ղեկավարելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայ-գերմանական հոգեւոր, կրթական, գիտական եւ մշակութային այս համագործակցությունը հիմնվել է Գերմանիայում, ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO) շրջանակներում, 2002 թվականի հունիսին ՀՀ կենտրոնական բանկի եւ նրա գործընկեր գերմանական առաջատար բանկերի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Այսօր նաեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ եւ Հայաստանի Գեղարդ վանքերի միջեւ: Միջնադարում Լորշ վանքը, լինելով Կենտրոնական Եվրոպայի ազդեցիկ եւ հարուստ վանքերից մեկը, եղել է նաեւ մշակութային եւ կրոնական կյանքի կարեւոր կենտրոն: 1991 թվականից Լորշը գրանցված է համաշխարհային մշակույթի գանձերի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: 2001-ին նույն պատվին է արժանացել Գեղարդը՝ հռչակվելով եւ ճանաչվելով անտիկ ճարտարապետության յուրօրինակ կոթող: Լորշ վանքի թանգարանի տնօրեն Հերման Շեýերսի խոսքերով, այս նախագծի հիմնական նպատակներից մեկը համաշխարհային ժառանգության կենտրոնների միջեւ համագործակցության խթանումն է: Նա նշեց, որ այս համագործակցության գաղափարին ծնունդ են տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության մասին 1972 թվականի պայմանագիրը եւ դրա հետ կապված երկկողմ համաձայնագիրը: Այս ծրագիրն ընդգրկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներ՝ հուշարձանների պահպանություն, հնագիտություն, պատմություն, քրիստոնեական եւ վանական անցյալ եւ այլն: Շնորհավորանքի խոսք ասացին «Վարբուրգե բանկի ներկայացուցիչ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլý Բարթելսը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանը, հոգաբարձուների խորհրդի այլ ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում