ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

2 րոպեի ընթերցում

Գոհաբանության օրը և դրան նախորդող օրերին տեղացած անձրևները հեղեղել են ԱՄՆ-ի արևելյան ափի բնակավայրերը, հոսանքազրկել շուրջ մեկ միլիոն տուն և ստիպել առաջին անգամ հետաձգել Մեյսիի Գոհաբանության օրվա ամենամյա շքերթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ուժեղ քամիներն ու հեղեղումները հարվածել են ԱՄՆ-ի երկու ափերին՝ խաթարելով տոնական ուղևորությունները։ Նոյեմբերի 26-ի երեկոյան ավելի քան 900 հազար տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ մեծ մասը՝ ԱՄՆ-ի արևելյան ափի նահանգներում։

Թռիչքներին հետևող FlightAware ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի ուղղությամբ կամ ԱՄՆ-ից իրականացվող ավելի քան 2200 չվերթ ուշացել է, ավելի քան 400-ը՝ չեղարկվել։

Օդերևութաբանական ծառայությունը քամու մասին նախազգուշացումներ է հրապարակել մի շարք նահանգների համար։ Նյու Ջերսիում և Նյու Յորքի որոշ հատվածներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նյու Յորքում ուժեղ քամիներն ու հեղեղումները Գոհաբանության օրվա երեկոյան խաթարել են նաև գնացքների երթևեկությունը, տապալել ծառեր և առաջացրել էլեկտրաէներգիայի անջատումներ։

Հեղեղվել են Հյուսիսային Կարոլինայից մինչև Նյու Ջերսի ընկած տարածքները, երբ բարձրացել է մակընթացության մակարդակը։ Ճանապարհներ են փակվել, արտակարգ ծառայությունների աշխատակիցները ջրի մեջ մնացած մեքենաներից մարդկանց են փրկել։

Նաև ժամանակավորապես փակվել են մի շարք մայրուղիներ և կամուրջներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին Ֆլորիդայի նահանգի համար աղետի մասին հայտարարություն է ստորագրել՝ արձագանքելով ավելի վաղ տեղի ունեցած ջրհեղեղներին, որոնք վնասել են հարյուրավոր տներ։

ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում՝ Իլինոյսի և Միսուրիի նահանգներում առատ ձյուն է տեղացել։ Իսկ Կալիֆոռնիայի ափամերձ հատվածներում ռեկորդային մակընթացությունները ստիպել են նահանգի հյուսիսից տարհանել բնակիչներին։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Ծովազարդում տարեցների ժամանցի համար խաղարան է կառուցվում

ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը

Անմահ գրողը. Եղիշե Չարենցի հիշատակի օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել