Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

5 րոպեի ընթերցում

«Կերոն» զարգացման հիմնադրամը Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում նոյեմբերի 18-ին անցկացրեց իր առաջին միջազգային Keron Impact Gala / Paris 2026 – Uniting Lights for Armenia գալա երեկոն՝ համախմբելով Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների, Հայաստանի բարեկամների, բարերարների, գործարարների, մշակույթի և առողջապահության ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի պետական բժշկական համալսարանը։

Գալա երեկոն սկիզբ դրեց «Կերոն» հիմնադրամի նոր միջազգային ավանդույթին՝ երկու տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող հավաքների, որոնք նպատակ ունեն ներկայացնելու այսօրվա Հայաստանը, ամրապնդելու կապերը հայկական համայնքների հետ և միջազգային ներգրավվածությունը վերածելու Հայաստանի զարգացմանն ուղղված կոնկրետ և երկարաժամկետ մասնակցության։

Երեկոյի մեկնարկը տրվեց ժամանակակից Հայաստանը ներկայացնող տեսանյութով և ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ողջույնի խոսքով։

Երեկոյի առանցքում Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանը ժամանակակից կրթական հարթակի վերափոխելու ծրագիրն էր՝ նախատեսված ապագա բժիշկների, հետազոտողների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։

Ծրագրի իրականացմանը մինչ այժմ միացել են բազմաթիվ անհատ նվիրատուներ, կազմակերպություններ և գործընկերներ՝ տարբեր չափի ֆինանսական ներդրումներով։ Նվիրատվությունները կատարվել են նաև reArmenia հարթակի միջոցով՝ սկսած փոքր անհատական նվիրատվություններից մինչև խոշոր աջակցություններ։

«Կերոն» զարգացման հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացնում է համալսարանի ներկայիս 600 քմ գրադարանը 3 000 քմ ժամանակակից ուսումնական, հետազոտական և համագործակցային միջավայրի վերափոխելու ծրագիրը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների, բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։

Կրթական հարթակը կունենա անհատական և խմբային աշխատանքի տարածքներ, բաց և փակ ընթերցասրահներ, տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական և հետազոտական գոտիներ, թվային ռեսուրսներ, կրթական տարածքներ և առավել մեծ հասանելիություն։ Նորաստեղծ հարթակն այսուհետ հասանելի կլինի ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև լայն հանրությանը:

Նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակել է նիդերլանդական Defesche van den Putte – DVDP ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է գրադարանային ճարտարապետության և պատմական շենքերի վերականգնման ոլորտում իր փորձով։

Հյուրերին ողջունեցին և ծրագիրն առավել մանրամասն ներկայացրին «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Երեկոյի ընթացքում ողջունեցին Վանիկ Վանունցին, ում խոշոր նվիրատվությունը ծածկել է ծրագրի ընդհանուր բյուջեի գրեթե կեսը՝ զգալիորեն մոտեցնելով նախագծի ամբողջական իրականացումը։

Գալայի ընթացքում ներկայացվեց նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի գործունեությունը։ 2024 թվականից ի վեր հիմնադրամի նպատակն է Հայաստանում նպաստել բարեփոխումների՝ ներգրավելով համաշխարհային տաղանդն ու փորձը, զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում։

Հիմնադրամի հինգ ռազմավարական ուղղությունները՝ կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը և տարածքային զարգացումը, միավորված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ, հաստատությունները և համայնքները կարող են զարգանալ և առաջ շարժվել։

Երեկոն առավել խորհրդանշական դարձրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի (World Doctors Orchestra) համատեղ ելույթը՝ մեկ բեմում համախմբելով երաժիշտների և բժիշկների աշխարհի տարբեր երկրներից։

Ծրագրում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ հատուկ ելույթներով հանդես եկան բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լուսինե Լևոնին և ֆրանսահայ հանրահայտ թավջութակահար Աստրիգ Սիրանոսյանը։

Երեկոյի հուրերի շարքում էին մշակույթի, երաժշտության, բժշկության, բիզնեսի և հասարակական կյանքի ճանաչված ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սերժ Ավետիքյանը, մաեստրո Սերգեյ Սմբատյանը, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Ռոզի Արմենը, Ֆրանսիայի մի շարք քաղաքների քաղաքապետներ և փոխքաղաքապետեր։

Հաջորդ Keron Impact Gala-ն նախատեսվում է անցկացնել 2028 թվականին՝ շարունակելով Կերոնի առաքելությունը՝ աշխարհի տարբեր քաղաքներում մարդկանց համախմբել Հայաստանի, նրա ներուժի և ապագայի շուրջ: 

Հայերեն English

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը