Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը դեմ են ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
3 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները դեմ են նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցների ժամանակ հայտնել են ընդդիմադիր քաղաքական ուժերի դիրքորոշումը։
«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, հորդորում եմ՝ ժամանակ ու ջանք չծախսեն։ Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ նոր Սահմանադրության նախագիծը բնորոշ է ոչ ժողովրդավար երկրի։
Նա շեշտել է, որ Սահմանադրությունից հանվել է հղումը ՀՀ Անկախության հռչակագրին, որը, ըստ պատգամավորի, արվել է Ադրբեջանի պահանջով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է նաև նրան, որ Սահմանադրության նոր նախագծում հայ ժողովրդի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։
«Սա ոչ ժողովրդավար և բռնապետական միտում ունեցող երկրի Սահմանադրություն է։ Արտաքին ուժերից որևիցե մեկի պահանջով Հայաստանում Սահմանադրություն չի ընդունվելու։ Պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու պրոցեսին և ապահովել իշխող ուժին խորհրդարանում չբավարարող 6 ձայները ՝ փոխարենը խոստանալով ժողովրդի կողմից Սահմանադրության նախագիծը մերժելու դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունելուց հետո հաջորդ ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով հայտարարել է՝ կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։ Փաշինյանը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առնչությամբ նաև ուղերձով է հանդես եկել։