Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան
4 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի։ Նա պատրաստակամություն է հայտնել իր քաղաքական ամբողջ կապիտալը դնել որպես անշրջելի խաղաղության ապահովման երաշխիք՝ իր առաքելության ավարտը կապելով համաձայնագրի ստորագրման ու վավերացման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հիշեցրել է ընդդիմության բարձրացրած հարցադրումը՝ ինչ երաշխիքներ կան, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո հակամարտությանն առնչվող խնդիրները կլուծվեն։
Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այդ հարցադրումը հիմնավոր է համարել, և վերջին շրջանի միջազգային քննարկումներն ու բանակցությունները միտված են նաև դրա պատասխանները գտնելուն։
«Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի։ Այո՛, կան այդպիսի երաշխիքներ։ Ես կարող եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն»,- հայտարարել է վարչապետը։
Նա անդրադարձել է նաև սահմանազատման, անկլավների և փոխադարձ պահանջների բացակայության հարցերին՝ վերջինը կապելով խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։
Խոսելով նոր Սահմանադրության հանրաքվեի մասին՝ Փաշինյանը հիշեցրել է ընդդիմությանը ներկայացրած առաջարկը՝ որոշումը թողնել քաղաքացիներին։ Նա նշել է, որ եթե քաղաքացիները չհավատան իշխանության փաստարկներին և դեմ քվեարկեն, պատրաստ է հեռանալ։
Միաժամանակ վարչապետը հեռանալու պատրաստակամություն է հայտնել նաև իր ներկայացրած խաղաղության օրակարգն իրագործելու դեպքում։
«Ես երկու դեպքում էլ հեռանում եմ, անձամբ իմ մասին է խոսքը։ Դրանից հետո քաղաքական պրոցեսները ժողովուրդը ոնց կորոշի՝ իր խնդիրն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իր առաքելությունը կատարված կհամարի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ և ինստիտուցիոնալ խաղաղության հաստատմամբ։
«Ես իմ միսիան համարում եմ կատարված խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և վավերացմամբ, մի հատ ֆունդամենտալ ինստիտուցիոնալ խաղաղությամբ։ Եվ ես գնում եմ երկու տարբերակում։ Ասում եմ՝ եկեք հեռացրեք ինձ»,- ասել է վարչապետը։
Պատասխանի շարունակության մեջ Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստ է անձնական քաղաքական պատասխանատվություն ստանձնել ներկայացվող օրակարգի համար։
«Ես կարծում եմ, որ ես կարող եմ իմ քաղաքական ամբողջ կապիտալը դնել որպես երաշխիք, որ, այո՛, նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք կունենանք ինստիտուցիոնալ և անշրջելի խաղաղություն»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ հասկանում է այդ ճանապարհին առաջացող դժվարություններն ու գործընկերների բարձրաձայնած մտահոգությունները, սակայն պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը։
«Ես, այո՛, այդ պատասխանատվությունը ստանձնում եմ և առաջարկ եմ անում ընդդիմությանը, որից, իմ կարծիքով, իրենք եթե հրաժարվեն, դա իրենց համար շատ վատ քաղաքական հետևանքների է բերելու»,- հայտարարել է Փաշինյանը։