2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման շուրջ քննարկումներում անհրաժեշտ է գտնել լուծում, որը թույլ կտա պահպանել երկրի տնտեսական մրցակցային առավելություններն ու տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացող քննարկումներին։
Ռուբինյանի գնահատմամբ՝ ռուսական կոնցեսիոն կառավարման և Ռուսաստանի ու դրա հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ սահմանափակումների պայմաններում Հայաստանը կարող է տնտեսական կորուստներ կրել։ Նա մատնանշել է նաև երկաթուղիների վերազինման և վերականգնման անհրաժեշտությունը։
«Սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա ուղիղ տնտեսական հարց է։ Մենք պետք է հասնենք մի լուծման, որի արդյունքում մենք մեր տնտեսական մրցակցային առավելությունները կպահպանենք կամ կստանանք»,- ասել է նա։
ԱԺ նախագահը ողջունել է հարցի շուրջ քննարկումները՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի շուտով հանգուցալուծման հասնել։
«Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի դեմ, ոչինչ չունենք ռուսական երկաթուղիների դեմ, բայց մենք ունենք խնդիրներ մեր մեկուսացման դեմ։ Մենք չենք ուզում մնալ մեկուսացման մեջ և պետք է լուծում գտնել, այնպես անել, որպեսզի մենք չլինենք երկաթուղային մեկուսացման մեջ, երկրորդն էլ՝ չկորցնենք տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունները»,- ընդգծել է Ռուբինյանը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսված քննարկումների մանրամասների վերաբերյալ նա նպատակահարմար է համարել հարցերն ուղղել Կառավարությանը։
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է հայկական երկաթուղու գործունեության հարցերով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնել է, որ հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, իսկ ավելի ուշ նախատեսվում է պաշտոնական հաղորդագրություն հրապարակել։