ԱԺ նախագահությունը նիստ վարելիս չպետք է քաղաքական օրակարգ սպասարկի․ Արամ Վարդևանյան
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի նախագահությունը նիստը վարելիս` չպետք է ներկայացնի որևէ քաղաքական թիմի շահերը կամ քաղաքական օրակարգ սպասարկի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նոյեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նիստերի դահլիճում ստեղծված լարված իրավիճակին։
Վարդևանյանն ընդգծել է, որ նիստը նախագահելու լիազորությունն անհրաժեշտ է տարբերակել պատգամավորի՝ քաղաքական ելույթ ունենալու իրավունքից։
«Ազգային ժողովի նախագահությունը չպետք է ներկայացնի որևէ մի քաղաքական թիմի, որևէ մի կոնկրետ քաղաքական գիծ կամ քաղաքական օրակարգ, երբ վերջինս նիստը նախագահում է։ Եթե հերթագրվում է ելույթ ունենալու համար, կարող է ելույթ ունենալ այնպես, ինչպես ցանկացած պատգամավոր։ Ազգային ժողովի նախագահությունը նիստը վարելու իր բացառիկ լիազորության շրջանակներում սկսում է կոնկրետ քաղաքական օրակարգ սպասարկել։ Այդտեղից միշտ առաջանում է իրավիճակ, որն այսօր առաջացավ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ խորհրդարանը պետք է կենտրոնանա քաղաքացիների խնդիրների քննարկման և դրանց լուծումներ առաջարկելու վրա։
«Ազգային ժողովը պետք է լինի այդ խնդիրների որոշակի իմաստով սպասարկողը, մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնողը, խնդիրների լուծման, քննարկման ինչ-որ մեխանիզմներ առաջարկողը»,- նշել է Վարդևանյանը։
Անդրադառնալով կաթողիկոսին աշխարհիկ անունով հիշատակելու իշխանական պատգամավորների գործելակերպին՝ Վարդևանյանը դա այդ անընդունելի է համարել։ Լրագրողների հարցին՝ ընդդիմադիր պատգամավորներն արդյոք ամբողջ օրվա ընթացքում չե՞ն մասնակցելու նիստին, Վարդևանյանը հստակ պատասխան չի տվել՝ նշելով․ «Ընթացքում կտեսնեք»։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճն այն պահին, երբ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հիշատակեց Գարեգին Բ կաթողիկոսի աշխարհիկ անունը։