1 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով դրանք նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձր մակարդակի այցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգային հարցերի:
Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով 2027թ. երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքերն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը: