2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Ստավրոպոլում ձերբակալել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկից սերված քաղաքացու, որը պատրաստվում էր պայթյուն իրականացնել առևտրի կենտրոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը հավատարմության երդում է տվել ահաբեկչական կառույցի պարագլխին և իր երդումը հաստատելու նպատակով մտադրվել ինքնաշեն պայթուցիկ սարք գործի դնել Ստավրոպոլի առևտրի կենտրոններից մեկում։ Նա հետախուզել է տարածքը, ուսումնասիրել մարդկանց առավել մեծ կուտակումների ժամանակը, ընտրել պայթուցիկ սարքը տեղադրելու վայրը, ձեռք բերել դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները, քիմիական նյութերն ու վնասող տարրերը։ Ահաբեկչությունն իրականացնելուց հետո ծրագրել էր մեկնել Սիրիա և մտնել միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերը։
«Իրականացված միջոցառումների արդյունքում նշված անձը ժամանակին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից», – նշել են ԱԴԾ-ում։
Նրա բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, ինչպես նաև կապի միջոցներ, որոնք պարունակել են կազմակերպչի կողմից ուղարկված հրահանգներ։