Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին
2 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 13-ի գիշերը Ռուսաստանը ենթարկվել է Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր հարձակումներից մեկին։ Հակաօդային պաշտպանության ուժերի կողմից երկրի տարբեր մարզերի երկնքում խոցվել է 1198 ԱԹՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում հայտարարել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 467 ԱԹՍ, որոնց մեծ մասը ոչնչացվել է մարզի սահմաններից հեռու։ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս չեզոքացվել է 144 անօդաչու թռչող սարք։
Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտում գտնվող ձեռնարկության վրա զանգվածային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին Telegram-ում հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նա, սակայն, չի հաստատել այն վարկածը, թե հարձակման թիրախը եղել է «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը։
Ռոստովի մարզում, ըստ նահանգապետի, ոչնչացվել է ավելի քան 120 ԱԹՍ։
Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Սումիի մարզում երկու մարդ է զոհվել։ Եվս երկու զոհ գրանցվել է Օդեսայի մարզում բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով, հինգ մարդ վիրավորվել է։ Զապորոժիեում 17-ամյա երիտասարդ է զոհվել, չորս մարդ՝ վիրավորվել։
Կիևում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոց։ Մեկ մարդ տուժել է։ Բուժհաստատությունից մարդկանց տարհանել են։ Ռովնո քաղաքում բազմաբնակարան շենքին հարվածի հետևանքով վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։ Վիննիցայում բնակելի տներ են հարվածի տակ հայտնվել, երկու մարդ վիրավորվել է։