1 րոպեի ընթերցում
Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում, Սպիտակ տնից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա, տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։
Դեպքի վայր է ուղարկվել մայրաքաղաքային ոստիկանության վարչության արագ արձագանքման խումբը։ Տեղում գտնվող թղթակիցների հաղորդմամբ՝ տարածքը շրջափակված է տասնյակ ոստիկանական մեքենաներով։
Լոգան Սըրքլը Վաշինգտոնի սրտում գտնվող աշխույժ թաղամաս է, որը հայտնի է թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում։ Ոստիկանական ուղղաթիռները երկնքում պտտվում են դեպքի վայրի վերևում։ Տուժածների ինքնության կամ նրանց վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։
Ըստ վերջին տեղեկությունների՝ «Vida Fitness» կենտրոնում հրաձիգը կրակ է բացել՝ վիրավորելով չորս մարդու։ Այնուհետև նա դուրս է եկել և շարունակել անկանոն կրակել՝ այդ թվում նաև բազմահարկ ավտոկայանատեղիի ուղղությամբ։ Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը, որը նկարագրվում է որպես խոշոր կազմվածքով սպիտակամորթ տղամարդ, փակվել է շենքերից մեկի ներսում։