ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ասամբլեայի օրակարգում նախագահի ընտրություններն էին, գլխավոր քարտուղարի կողմից առաջընթացի վերաբերյալ զեկույցի, ֆինանսների նախագահի կողմից ֆինանսական զեկույցների ներկայացումը, ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) զեկույցներն ու 2027 թվականի գործողությունների պլանը։
Առաջնորդների ֆորումը ՄԻՊ հաստատությունների համար առաջնահերթությունների սահմանման, միջամտություններին հնարավոր արձագանքների ու հավաքական գործողությունների քննարկման հարթակ հանդիսացավ։ Ֆորումի նիստերի թեմաների թվում էին սպառնալիքների նկատմամբ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ու պատրաստվածությունը ճգնաժամերին, տեղական դերակատարների հետ շփումները, ՄԻՊ հաստատությունների բազմակի մանդատն ու նրանցից մեծ ակնկալիքներին առնչվող մարտահրավերները։
Լիազորությունների արդյունավետ իրականացման համար առկա խոչընդոտների թվում բարձրացվել են հասարակության մեջ աճող բևեռացման, ժողովրդավարության հետընթացի, զինված հակամարտությունների, անկախ հաստատությունների նկատմամբ ճնշումների ու ապատեղեկատվության տարածման հետ կապված խնդիրները։
Խոսվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծած նոր հնարավորությունների ու ռիսկերի մասին։