Ռեստորանների և սրճարանների համար առաջարկվում է պարտադիր դարձնել երաժշտության համար հեղինակային վարձատրության պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ռեստորաններին, սրճարաններին և բարերին պարտավորեցնել պայմանագիր կնքել հեղինակային և հարակից իրավունքները կառավարող հավատարմագրված կազմակերպության հետ։ Նույն պահանջը նախատեսվում է սահմանել նաև կարաոկեների, դիսկոտեկների և մերկապարի ակումբների համար։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաթեթը նոյեմբերի 10-ին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը։

«Օգտագործողների համար սահմանվում են վարձատրության հաշվարկման չափանիշներ՝ հաշվի առնելով օգտագործման բնույթը, ծավալը, տևողությունը և տնտեսական նշանակությունը։ Նվազագույն դրույքաչափերը սահմանվելու են կառավարության կողմից։ Նախատեսվում են նաև պայմանագրի կնքման և վեճերի լուծման ընթացակարգեր։ Ուղեկցող փոփոխությամբ ռեստորանների, սրճարանների, բարերի և որոշ ժամանցային ծառայությունների համար նաև սահմանվում է հավատարմագրված կազմակերպության հետ պայմանագրի առկայության պահանջ»,- ասել է Մովսիսյանը։

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Համբարյանը պարզաբանել է, որ երաժշտության հրապարակային օգտագործման դիմաց վճարելու պարտավորությունն արդեն գործում է։

«Այն բոլոր օբյեկտներում, որտեղ հնչում են երաժշտական ստեղծագործություններ, այդ բոլոր օբյեկտների սեփականատերերը պարտավորություն ունեն վճարելու հեղինակային հոնորար»,- նշել է նա։

Ըստ նախագծի՝ պայմանագիր ունենալու պահանջն ուժի մեջ կմտնի կոլեկտիվ կառավարման կազմակերպությանն առաջին հավատարմագիրը տրամադրելու օրվանից։ Հանձնաժողովը փաթեթի քննարկումը հետաձգել է մինչև երկու ամսով՝ առաջարկություններ ներկայացնելու և լրացուցիչ քննարկում անցկացնելու համար։

Հայերեն