4 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Թեոդոր Դրայզեր, «Հանճարը»
Տաղանդը՝ որպես պարգև, և միաժամանակ՝ որպես փորձություն:
Ամերիկյան մեծ գրող Թեոդոր Դրայզերի «Հանճարը» վեպը պատմում է ստեղծագործ անհատի բարդ և հակասություններով լի կյանքի մասին: Վեպի կենտրոնում տաղանդավոր նկարիչ Յուջին Ուիթլան է՝ մի մարդ, որի ստեղծագործական ուժը, զգացմունքային աշխարհը և կյանքի նկատմամբ անկառավարելի ձգտումները մշտապես բախվում են հասարակության սահմանափակումներին ու բարոյական կանոններին:
Հերոսի կյանքը ներկայացվում է մանկությունից մինչև հասունություն՝ բացահայտելով նրա հոգեկան պայքարը, սիրո որոնումները, հաջողություններն ու անկումները: Դրայզերը խորությամբ ուսումնասիրում է արվեստագետի ներաշխարհը՝ ցույց տալով, թե որքան դժվար է պահպանել ստեղծագործական ազատությունն ու մարդկային ամբողջականությունը հասարակական ճնշումների պայմաններում:
«Հանճարը» մի պատմություն է տաղանդի, կրքի և մարդու ներքին պայքարի մասին, որը չի կորցնում իր արդիականությունը ժամանակի ընթացքում: Թարգմանիչ՝ Սարգիս Ալեմյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Տինա Արնուշ Պուպիս, «Հարուստ սուրիկատը»
Փը՛ստ- ականջիդ մի բան ասե՞մ. Էս գիրքը թարսուշիտակ է կարդացվում՝ սկզբից մինչև վերջ, ու վերջից մինչև սկիզբ: Մեջը երկու պատմություն է թաքնված: Բա՞: Թարգմանությունը սլովեներենից՝ Արմինե Փիլոյան Վրտեսկան։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Նկարազարդող՝ Մարտա Բարտոլյի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Սթիվեն Բարթլետ, «Գործադիր տնօրենի օրագիրը»
Գործադիր տնօրենի օրագիրըԻնչպե՞ս բացահայտել սեփական ներուժը, համարձակ որոշումներ կայացնել և կառուցել թիմ, որի հետ հնարավոր է կյանքի կոչել մեծ գործեր։ Աշխարհի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը՝ Սթիվեն Բարթլետը, իր անձնական փորձն ու The Diary OF A CEO փոդքասթի զրույցներից քաղած դասերը միավորել է բիզնեսի և կյանքի 33 կանոններում։ Գիրքը կառուցված է չորս հենասյուների շուրջ՝ սեփական անձը, պատմությունը, փիլիսոփայությունը և թիմը։ Բարթլետը բացատրում է՝ ինչպես ձևավորել ինքնակարգապահություն, փոխել սովորությունները, ազդեցիկ պատմություններ պատմել, դաս քաղել ձախողումներից և ճիշտ մարդկանց համախմբել ընդհանուր նպատակի շուրջ։ Թաչգմանիչ՝ Դավիթ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։