Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան
2 րոպեի ընթերցում
Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ այդ հարցը Հայաստանի ներքին գործն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ա մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։
«Երբ մենք սկսեցինք քննարկումները Ադրբեջանի հետ, նախևառաջ արձանագրեցինք, որ Սահմանադրության հետ կապված հարցը մեր ներքին գործն է։ Մենք չենք պատրաստվում այս խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, քանի որ մտադիր ենք այն քննարկել բացառապես մեր ժողովրդի հետ։ Ադրբեջանը մեզանից չի պահանջում փոխել Սահմանադրությունը և չի կարող նման բան պահանջել, քանի որ դա մեր ներքին հարցն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։
«Բայց նրանք նաև ասում են, որ սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ այս երկու ձևակերպումները կարող են նման թվալ, սակայն դրանց միջև սկզբունքային տարբերություն կա։
Վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ճիշտ հասկանալ կողմերի դիրքորոշումները և ճիշտ գնահատել իրավիճակը։