4 րոպեի ընթերցում
Բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկ տրվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին, որի առանցքային նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել աշխարհի շուրջ 55 երկրների հայկական համայնքների մոտ 800 ներկայացուցիչներ։
Բացման ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առանձնահատուկ նշեց, որ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս անպայման պետք է ընդգծել իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
«Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։ Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը՝ նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան։
Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի ներդրում։ Ունենք սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը՝ միաժամանակ մեծ հաջողությունների հասնելով գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի և հանրային կյանքի ոլորտներում։ Սա մեր հարստությունն է, սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունն ապագայի վերածելն է, և Հայաստան ուղղելը։
Մենք չենք ցանկանում Հայաստան-սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր գործակցությունը պետք է ավելի ընդգրկուն լինի։ Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների ներդրումը Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանում ապրող հայերս, չափազանց երջանիկ կլինենք»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Ազգային ժողովի նախագահը նաև հավելեց, որ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով, այն պետք է դառնա հստակ գաղափարների, նախաձեռնությունների և գործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։
Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ընդգծեց, որ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև երկխոսությունը շարունակելու համար կարևոր հարթակ է։
«Սփյուռքը բազմազան է՝ իր պատմությամբ, փորձառություններով, ձեռքբերումներով, պատկերացումներով և մոտեցումներով։ Հենց այս բազմազանության մեջ է սփյուռքի մեծ ներուժը։ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներուժը ոչ թե բոլոր հարցերի շուրջ միակարծիք լինելու, այլ միմյանց լսելու, տարբեր տեսակետները հարգելու և ընդհանուր նպատակների շուրջ համախմբվելու կարողության մեջ է։ Այդ ընդհանուր նպատակների կենտրոնում ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունն է»,- նշեց Զարեհ Սինանյանը։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքային քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 6-ին։ Գագաթնաժողովը կավարտվի նոյեմբերի 8-ին։