Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

14 րոպեի ընթերցում

Պատկերացրեք հարյուր հազարավոր կիլոմետր հեռավորությունից նայում եք Երկիր մոլորակին. չկան սահմաններ, չեն երևում մարդկանց քաղաքական, կրոնական, ազգային տարանջատումները։ Կա միայն փոքրիկ կապույտ մոլորակ՝  կախված տիեզերքի խավարում։

NASA-ի աստրոնավտ, լուսնային «Արտեմիս 2» առաքելության անդամ Վիկտոր Գլովերի համար սա պարզապես երևակայական մտավարժանք չէ, այլ ամիսներ առաջ ունեցած փորձառություն։

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին օդաչու Գլովերը 2013 թվականին միացել է NASA-ի աստրոնավտների ջոկատին, իսկ 2020 թվականին իրականացրել է իր առաջին թռիչքը տիեզերք՝ որպես SpaceX-ի «Crew-1» առաքելության օդաչու՝ ուղևորվելով Միջազգային տիեզերակայան։ Այստեղ անցկացրած 168 օրվա ընթացքում նա դարձել է առաջին սևամորթ ամերիկացի աստրոնավտը, ով ամիսներ շարունակ ապրել է Միջազգային տիեզերակայանում։

2026 թվականի ապրիլին նա կրկին պատմություն է կերտել՝ արդեն որպես «Արտեմիս 2» առաքելության օդաչու դառնալով Լուսնի շուրջը պտույտ գործած առաջին սևամորթ աստրոնավտը ու իր երեք գործընկերների հետ թռնելով ավելի հեռու, քան երբևէ տիեզերքում եղել էր որևէ մարդ։  

«Արտեմիս 2»-ի անձնակազմը՝ (ձախից) Վիկտոր Գլովերը, Ջերեմի Հանսենը, Ռիդ Ուայզմանը, Քրիստինա Կոխը

Այս «լուսնային» ճանապարհորդությունը նրան բացառիկ հնարավորություն է տվել նայել Երկրին ու տիեզերքում մեր տունն ընկալել նոր տեսանկյունից։ Իհարկե, դեպի Լուսին ուղևորվելն ի սկզբանե չէր մտնում նրա ծրագրերի մեջ.  Տիեզերակայանից վերադառնալուց կարճ ժամանակ անց նման առաջարկ ստանալը Վիկտոր Գլովերին այնքան էլ չէր ուրախացրել։ Բայց այսօր, հետադարձ հայացք նետելով, նա կատարվածը նկարագրում է որպես իր կյանքի լավագույն փորձառություններից մեկը։

Իսպանիայի Կանարյան կղզիներում տեղի ունեցած STARMUS VIII փառատոնի շրջանակում «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Գլովերը պատմել է «Արտեմիս» առաքելության, իր ապրումների ու փորձառության մասին։ Նա անկեղծացել է նաև լուսնային առաքելության անձնական կողմերի մասին՝ խոսելով հավատքի, հայրության ու այն մասին, թե որքան կարևոր է անդադար ապագան պլանավորելուց բացի կանգ առնել ու գնահատել ներկան։

- Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ թռնելու եք Լուսին և անցնելու եք դրա հակառակ կողմով։

- Իրականում առաջին զգացողություններս բացասական էին։ Անկեղծ ասած՝ չէի ուզում մեկնել, քանի որ զբաղված էի մեկ այլ շատ կարևոր գործով և տիեզերքից նոր էի վերադարձել։ Ուստի ներսումս բավականին մեծ հակասություն կար։

Բայց ղեկավարս խնդրեց ինձ ստանձնել այդ առաքելությունը, և ես գիտակցեցի, որ դիմում են ինձ, քանի որ իմ կամ իմ հմտություններից մեկի կարիքն ունեն։ Ուստի մտածեցի, որ պետք է համաձայնեմ։ Հուսալիությունն ինձ համար շատ կարևոր արժեք է։ Եթե ղեկավարս ինչ-որ բան է խնդրում, կարծում եմ՝ պետք է համաձայնեմ։

Եվ դրանից երեք տարի անց ես հայտնվեցի Լուսնի հակառակ կողմում։ Դա իմ երբևէ արած լավագույն բաներից մեկն էր։ Սկզբում ունեցածս բացասական զգացողությունների մասին պատմելու իմաստն այն է, որ երբեմն մեզ խնդրում են անել այնպիսի բաներ, կամ մենք ինքներս այնպիսի նպատակներ ենք դնում, որոնց արժեքը՝ թունելի վերջում երևացող լույսը, գուցե սկզբում չենք տեսնում։

Հիմա, օրինակ, գուցե քոլեջում մի ուսանող կա, որը մտածում է թողնել ուսումը, որովհետև այն, ինչ անում է, իր ուզածը չէ։ Եվ երբեմն մենք ճիշտ ենք լինում, բայց երբեմն էլ՝ ոչ։ Մենք պետք է աճենք այն դերերին համապատասխան, որոնք մեզ վստահվում են։

Ես շատ ժամանակ եմ անցկացրել աղոթելով, օրագրում գրառումներ անելով, ընտանիքիս ու ընկերներիս հետ զրուցելով։ Այդ ամենն օգնեց ինձ կենտրոնանալ առաքելության և նրա վրա, ինչն Աստծո կամքն է իմ կյանքի համար։

«Արտեմիս 2»-ի աստրոնավտները՝ տիեզերական անկշռության մեջ

- Տիեզերքում գտնվելու ընթացքում եղա՞վ վախի կամ կասկածի պահ։

- Ոչ։ Մի քանի պատճառով։ Նախ ուզում եմ ասել, որ նման իրավիճակներում վախ զգալը բնական է։ Որոշ մարդիկ վախ են զգում, և դա միանգամայն նորմալ է։

Բայց նախ և առաջ, ես արդեն եղել էի տիեզերքում։ Երկրորդը՝ նախքան տիեզերք մեկնելը ես հինգ անգամ փոքր խմբերի կազմում ծառայության էի ուղարկվել չափազանց վտանգավոր վայրեր, ընդ որում՝ դրանցից մեկը՝ մարտական ​​գործողությունների գոտի։ Սակայն այս բոլոր փորձառություններից ու հանգամանքներից առավել կարևոր է այն, որ ես հավատում եմ Աստծուն։

Իսկ այն, ինչի համար ամենից շատ եմ անհանգստանում, երեխաներս են։ Հետևաբար, վտանգավոր գործ անելն ինձ չի վախեցնում։ Բայց երբ մտածում եմ, որ երեխաներս ստիպված կլինեն կյանքը շարունակել առանց հոր, այ դա արդեն բոլորովին այլ բան է։

Ես չեմ վախենում տիեզերքում թռչելուց, վակուումից, տիեզերանավից կամ դեռևս չփորձարկված ջերմապաշտպան վահանից։ Ես վախենում եմ, որ երեխաներս կմեծանան առանց հոր։ Այս երկու զգացողությունները կապված են իրար, բայց միևնույն ժամանակ էլ տարբեր են։ Տիեզերանավում նստած լինելն ինձ վախ չի ներշնչում։ Եվ դա հիմնականում այն պատճառով, որ հավատում եմ Աստծուն, այլ ոչ թե որովհետև ուժեղ մարդ եմ։ Այնպես որ՝ ոչ, վախ չեմ զգացել։

- Ինչպիսի՞ն էր զգացողությունը, երբ նայում էիք Երկրին։ Գիտեմ, որ այս հարցը բազմիցս են ուղղել Ձեզ․․․

- Երբ ապրում ես տիեզերակայանում, Երկիրը թվում է մոտավորապես այնքան մեծ, որքան տարածությունը քո ձեռքերի միջև, եթե դրանք պարզես՝ արմունկից արմունկ։ Ես տեսա Երկիրն այնպիսին, ինչպիսին կա։ Տեսա, թե ինչպես են երկրները տեղակայված միմյանց նկատմամբ, ինչպես են բաժանվում ջրային տարածություններով, ինչպես է ջուրը հոսում դրանց միջով։ Տեսա, թե ինչպես է մոլորակն ասես հաղորդակցվում ինքն իր հետ՝ ինչպես են ջրային զանգվածները պտտվում երկնքում և օվկիանոսներում, ինչպես է փոշին մի մայրցամաքից մյուսը տեղափոխվում, տեսա փոթորիկները, կայծակները, բևեռափայլերը։ Դա գեղեցիկ տեսարան էր։ Բայց արդեն այս առաքելության ընթացքում, քանի որ մենք շատ ավելի հեռու էինք գնացել, ես ոչ միայն տեսա Երկիրն այնպիսին, ինչպիսին կա, այլև տեսա, թե որտեղ է այն գտնվում։

Երկրի նկարը՝ արված «Արտեմիս 2» առաքելության կողմից

Գիտեք՝ Ծիր Կաթինը մեծ է ու գեղեցիկ։ Շատ աստղեր կան։ Բայց երբ մոտիկից նայում ես, տեսնում ես, որ մեզ մոտ, բացի մեր Արեգակից, մոտակայքում այլ աստղեր չկան։ Երբ այս ամենը դիտարկում ես ընդհանուր համատեքստում, գիտակցում ես, որ Երկրի շուրջը տիեզերքում կա փոշի, այլ նյութեր, տիեզերական ճառագայթում, բայց հիմնականում այնտեղ դատարկություն է։ Իհարկե, մենք դա տեսականորեն գիտենք, բայց միանգամայն այլ բան է այդ ամենը սեփական աչքերով տեսնելը։ Ես նայում էի պատուհանից և տեսնում Երկիրն այսքան փոքր։ Դա ինձ օգնեց ավելի շատ գնահատել փաստը, որ մենք կարող ենք ապրել այստեղ, գոյատևել և միասին աշխատել։

STARMUS համաժողովի գեղեցկություններից մեկն էլ հենց տարբեր ոլորտների հատումն է։ Մենք գիտությունը, արվեստն ու կրոնը դասավանդում ենք առանձին-առանձին, բայց իրականում դրանք անջատված չեն։ Եվ երբ աշխարհին նայեցի այս տեսանկյունից, դա ինձ համար ևս մեկ փոքրիկ ազդակ էր, որ ամեն ինչ փոխկապակցված է՝ բոլոր մարդիկ, մեր բոլոր հավատալիքները, ճիշտն ու սխալը․ ամեն բան նույն համակարգի մաս է կազմում։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչպես գործել այդ համակարգում։ Պետք է գիտակցենք, որ բոլորս նույնն ենք, և հետևաբար պետք է հոգ տանենք ինքներս մեր և մեր «տիեզերանավի»՝ Երկիր մոլորակի մասին։

- «Ապոլոն» առաքելությունից կես դար անց մեկնարկել է «Արտեմիս» առաքելությունը։ Ինչո՞ւ է կարևոր վերադարձը Լուսին։ Եվ առհասարակ, ի՞նչ է տիեզերքի ուսումնասիրությունը տալու մարդկությանը։

- Կան տեխնոլոգիական առաջընթացներ, որոնք մենք գրանցել ենք «Մերկուրի», «Ջեմինի», «Ապոլոն» ծրագրերի, «Սփեյս Շաթլ» նախագծի միջոցով։ Դրանք բարելավել են կյանքը Երկրի վրա, այդ թվում՝ հեռաբժշկությունը, նավիգացիան, ժամանակի չափման և կապի համակարգերը։ Դրանք մեզ տվել են բազմաթիվ գործնական հնարավորություններ, որոնք ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա։

Բայց, կարծում եմ, ավելի բարձր մակարդակում կա նաև ոգեշնչման գործոնը։ Եթե լսեք, թե մարդիկ ինչպես են խոսում «Արտեմիս 2»-ի մասին, կհասկանաք, որ այն եզակի է՝ ի տարբերություն տիեզերակայանի։

Մենք արդեն 26 տարի է՝ շահագործում ենք Միջազգային տիեզերակայանը՝ մարդկանց ներկայությամբ, իսկ ընդհանուր առմամբ այն գործում է արդեն 28 տարի։ Կցանկանայի, որ տիեզերակայանը մարդկանց շրջանում նույնպիսի հետաքրքրություն և ներգրավվածություն առաջացներ, որքան «Արտեմիս»-ը, բայց այդպես չեղավ։ Ես տիեզերակայանում շատ ավելի երկար եմ ապրել, շատ ավելի շատ գործեր եմ արել։ Դա նույնքան վտանգավոր էր, բայց այդքան չգրավեց մարդկանց։ Իսկ դա կարևոր հանգամանք է։

Երբ մարդիկ ներգրավվում են առաքելության մեջ, հասկանում ենք, որ կարող ենք միավորվել հանուն ցանկացած նպատակի։ Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գիտակցենք, որ պարտավոր ենք պաշտպանել միմյանց և այն «տիեզերանավը», որի վրա ապրում ենք՝ Երկիրը։ «Արտեմիս»-ի շուրջ մենք միավորվեցինք այնպես, ինչպես չէինք միավորվել այլ իրադարձությունների՝ օրինակ՝ COVID-ի կամ պատերազմների ժամանակ։ Կարծում եմ՝ արժե ավելի խորը մտածել այդ մասին և օգտագործել այդ հանգամանքը մեր օգտին։

Եթե այս առաքելությունները կարող են նման ներգրավվածություն և ոգեշնչում առաջացնել, ապա, իհարկե, պետք է շարունակենք մարդկային տիեզերական հետազոտությունները։ Դրանք մեզ տալիս են գիտական բացահայտումներ, գործնական կիրառություններ Երկրի վրա, ավելի լավ բժշկություն, տեխնոլոգիաներ, որոնք կյանքն ավելի հարմարավետ են դարձնում։ Բայց, ի վերջո, դրանք մեզ հիշեցնում են, որ մենք բոլորս նույն մարդկության մասն ենք, և պետք է միասին աշխատենք։

Սա շատ պարզ բան է։ Եվ պահանջվեց այս իսկապես համարձակ առաքելությունը՝ մեզ հիշեցնելու այդ շատ պարզ ճշմարտության մասին։

- Որպես «Արտեմիս» առաքելության անդամ՝ Դուք ոգեշնչման աղբյուր եք երիտասարդ սերունդների համար։ Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, որոնք երազում են տիեզերագնաց դառնալ և գնալ տիեզերք։

- Կա երեք բան, որ բոլոր երեխաները պետք է անեն։ Առաջինը՝ տոկուն լինել։ Մի՛ անցեք պարզապես դժվարությունների միջով, այլ փորձեք դժվարությունների շնորհիվ ավելի լավը դառնալ։

Երկրորդ՝ սովորեք ամբողջ կյանքի ընթացքում։ Սովորեք դպրոցում, սպորտով զբաղվելիս, եկեղեցում, թատրոնում, խաղալիս։ Սովորեք ծնողներից և ընկերներից։ Սովորելը ներառում է այս ամենը։ Ես օդաչու եմ, շատ բաներ հեշտությամբ եմ սովորել։ Խոսքն ամեն ինչի մասին է՝ այն ամենի, ինչ կարող եք անել ձեր ուղեղով, մարմնով և սրտով։ Ամբողջ կյանքի ընթացքում սովորելը երկրորդ կարևոր կետն է։

Երրորդը՝ լավ թիմակից լինելն է, հասկանալը, թե որքան կարևոր է միասին աշխատելը, նույնիսկ երբ դա հեշտ չէ։ Եվ սա, թերևս, ամենակարևորն է, քանի որ իմ սերունդը լավագույնս չի կարողացել դա անել։ Ուստի, երեխաներին կասեի շատ հստակ՝ մեզնից՝ ավագ սերնդից սովորեք այն ամենը, ինչ կարող եք, բայց մեզ նման մի՛ եղեք։ Մեզնից ավելի լավը եղեք։

- Դուք այժմ արդեն պաշտոնապես թոշակի անցած աստրոնավտ եք։ Ի՞նչ ծրագրեր ունեք։

- Վերադառնալու եմ ԱՄՆ։ Կվայելեմ կնոջս հետ ժամանակ անցկացնելը։ Շաբաթվա ընթացքում ավելի ուշ կտեսնեմ նաև երեխաներիս։

Գիտեք, 30 տարի շարունակ ես անդադար ու եռանդով աշխատել եմ՝ անընդհատ մտածելով ապագայի մասին, ծրագրեր կազմելով, ամեն ինչ նախապատրաստելով։ Այդ ամենի մի մասը, իհարկե, դեռ կլինի։ Ես դեռ շարունակելու եմ որոշ բաներ անել։ Բայց թոշակի անցնելու պատճառներից մեկն այն էր, որ կարողանամ կենտրոնանալ ներկայի վրա, այլ ոչ թե անընդհատ մտածեմ այն մասին, թե ինչ է լինելու հաջորդիվ։

Վիկտոր Գլովերը՝ կնոջ, երեխաների ու շան հետ

 

***

«Արմենպրես»-ի կողմից STARMUS փառատոնի լուսաբանումն իրականացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։

Հայերեն English Русский

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը