2 րոպեի ընթերցում
Նիդերլանդների Թագավորությունում անցկացվող Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Դենիզ Պիրես դե Կարվալյոյի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության դերը՝ միջմշակութային երկխոսության խթանման, գիտության ոլորտի զարգացման, ինչպես նաև ներառական հասարակությունների ձևավորման գործում։
Նախարարը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները․ մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
«Առանձնակի շեշտվել է նաև ռասիզմի և խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության ապահովման ուղղություններով շարունակական ու համատեղ ջանքերի կարևորությունը»,-տեղեկացրին նախարարությունից։
Դենիզ Պիրես դե Կարվալյոն ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության շրջանակում նախատեսվող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել է փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։