Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը
13 րոպեի ընթերցում
Արեգակնային համակարգից դուրս մեզ ամենամոտ աստղը` Կենտավրոսի Պրոքսիման, Երկիր մոլորակից ավելի քան չորս լուսատարի հեռավորության վրա է։ Այսօրվա տիեզերանավերի զարգացրած արագությամբ այնտեղ հասնելու համար հազարավոր տարիներ կպահանջվեն։ Սակայն Իրանում ծնված ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Քեմ Ղաֆարիանը, ով իր կարիերայի մեծ մասը նվիրել է հավակնոտ գաղափարները տեխնոլոգիական նախագծերի վերածելուն, նման ճանապարհորդության հետ կապված այլ ժամկետ է պատկերացնում՝ ընդամենը վեց ամիս։ Նման պնդումը հակասում է ժամանակակից ֆիզիկայի պատկերացումներին. պնդմանը, թե մարդը կկարողանա ընդամենը վեց ամսում հասնել Կենտավրոսի Պրոքսիմային, անհրաժեշտ է վերաբերվել որպես հայտարարության, որը դեռ պետք է հիմնավորվի գիտական հաշվարկներով, անկախ գիտական փորձաքննությամբ և, ի վերջո, փորձերով։ Սակայն նման պնդումը արտացոլում է Ղաֆարիանի հավակնությունների մասշտաբը և սահմանները վերանայելու ձգտումը։
Քեմ Ղաֆարիանը օրերս կժամանի Երևան՝ ստանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական մրցանակը։ Նրա երկարամյա գործունեությունն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ միջուկային էներգետիկայի նորարարական լուծումների զարգացումից մինչև կոմերցիոն տիեզերագնացության առաջխաղացում։
Որպես X-energy ընկերության հիմնադիր և գործադիր նախագահ՝ նա աշխատում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաները, որոնք կարող են էներգիայով ապահովել ինչպես Երկիրը, մասնավորապես նոր կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնները, այնպես էլ տիեզերական հետազոտություններ իրականացնող սարքերը։
Նրա համահիմնադրած մեկ այլ՝ Axiom Space ընկերությունը նպատակ ունի մինչև տասնամյակի վերջը՝ նախքան Միջազգային տիեզերակայանի շահագործման նախատեսված ավարտը, ստեղծել կոմերցիոն տիեզերակայան։ Մեկ այլ համահիմնադրած ընկերության՝ Intuitive Machines-ի միջոցով Ղաֆարիանը զարկ է տվել Լուսնի կոմերցիոն հետազոտությունների նոր փուլի մեկնարկին։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարին ընկերության «Ոդիսևս» լուսնային վայրէջքի սարքը դարձավ առաջին կոմերցիոն տիեզերանավը, որը հաջողությամբ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա։ Այն նաև դարձավ առաջին ամերիկյան տիեզերանավը, որը 1972 թվականի «Ապոլոն-17»-ի առաքելությունից հետո հասավ լուսնային մակերևույթ։
Տիեզերքի նկատմամբ Քեմ Ղաֆարիանի հետաքրքրությունը սկիզբ է առել շատ ավելի վաղ՝ մանկության տարիներին, երբ նա ականատես է եղել «Ապոլոն-11»-ի՝ Լուսնի վրա վայրէջքին։ Այդ իրադարձությունը մեծապես ազդել է նրա մասնագիտական ուղու ընտրության վրա։ Տասնամյակներ անց մանկական այդ ոգեշնչումը վերածվել է մեծ նպատակի՝ տիեզերքն ավելի հասանելի դարձնել, էներգիայի նոր աղբյուրներ զարգացնել և, ի վերջո, մարդկությանը դուրս բերել Արեգակնային համակարգի սահմաններից այն կողմ։
Իսպանիայի Տեներիֆե կղզում անցկացված STARMUS VIII փառատոնի շրջանակում «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Ղաֆարիանը խոսել է նաև հայ տիեզերագնաց տիեզերք ուղարկելու հնարավորության մասին՝ հայտարարելով, որ կարող է նպաստել այդ հավակնոտ ծրագրի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար դա կարող է լինել ոչ միայն տեխնոլոգիական նշանակալի ձեռքբերում, այլև ոգեշնչման աղբյուր մի ամբողջ սերնդի համար։
- Ձեր ազգանունը տեսնելուց հետո չեմ կարող առիթից չօգտվել ու չհարցնել՝ հայկական արմատներ ունե՞ք։
- Կարծում եմ՝ այո։ Ես ծնվել եմ Իրանում, իրանցի եմ, իհարկե, բայց կարծում եմ՝ ընտանիքիս որոշ անդամներ հայկական ծագում ունեն։ Հենց դրանով է պայմանավորված նաև իմ ազգանունը՝ Ղաֆարիան։ Այդ պատճառով էլ անհամբեր սպասում եմ Հայաստան այցելելուն։
- Դուք ներդրումներ եք կատարում մի ապագայի համար, որտեղ մարդիկ կապրեն ու կաշխատեն տիեզերքում։ Այսօրվա տեսանկյունից որքանո՞վ է իրատեսական այդ հեռանկարը, ե՞րբ այն կարող է իրականություն դառնալ։
- Շատ իրատեսական է, որ մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կապրեն ու կաշխատեն տիեզերքում, և դա տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք։ Չէ՞ որ մարդիկ արդեն 26 տարի ապրում են տիեզերակայանում։ Ես այն մարդկանցից մեկն եմ, որ մասնակցել է տիեզերակայանի ստեղծմանը։ Երբ տիեզերագնացները կապ էին հաստատում Հյուսթոնի հետ ու ասում՝ «Հյուսթո՛ն, կարծես խնդիր ունենք» կամ մեկ այլ բան, նրանց արձագանքում էին իմ ընկերության աշխատակիցները։
Այս ոլորտը շատ արագ է զարգանում, և կարծում եմ՝ առաջիկայում ավելի ու ավելի շատ մարդիկ կանոնավոր կերպով կապրեն ու կաշխատեն տիեզերքում։
- Դուք հիշատակեցիք տիեզերակայանը։ Միջազգային տիեզերակայանը մինչև 2030-ի ավարտը կդադարեցնի աշխատանքը։ Ձեր Axiom Space-ն աշխատում է կոմերցիոն տիեզերակայան ստեղծելու ուղղությամբ։ Ո՞ւմ եք պատկերացնում որպես այդ նոր կայանի հիմնական օգտատերեր՝ տարբեր երկրների կառավարություննե՞րը, գիտնականների՞ն, թե նաև մասնավոր անձանց, որոնք պարզապես ցանկանում են սեփական փորձով հասկանալ, թե ինչպիսին է կյանքն ուղեծրում։
- Վերը նշված բոլոր կողմերը։ Մենք համագործակցելու ենք բազմաթիվ կառավարությունների հետ։ Այսօր Միջազգային տիեզերակայանի գործունեության մեջ ներգրավված են ԱՄՆ-ն՝ NASA-ի միջոցով, Ռուսաստանը, եվրոպական երկրները, Ճապոնիան և Կանադան։ Ապագայում, սակայն, տիեզերակայանը կպատկանի մասնավոր հատվածին, օրինակ՝ Axiom Space-ին։ Մենք ծառայություններ կմատուցենք տարբեր պատվիրատուների։ ԱՄՆ-ն կլինի մեր հիմնական պատվիրատուներից մեկը, բայց հուսով եմ՝ պատվիրատուների շարքում կլինեն եվրոպական երկրները, Հայաստանը և բազմաթիվ այլ պետություններ։
Հուսով եմ՝ մի օր հայի էլ կուղարկեմ տիեզերք։ Ես արդեն տիեզերք եմ ուղարկել թուրք տիեզերագնացի։ Գիտեք՝ տիեզերագնացին տիեզերք ուղարկելը ոգեշնչում է մի ամբողջ ժողովրդի։
Երբ այցելեմ Հայաստան, հույս ունեմ համոզել Հայաստանի կառավարությանը՝ հայտարարել, որ հայ են ուղարկելու տիեզերք։ Դա կֆինանսավորվի կառավարության կողմից, և ես կարող եմ աջակցել այդ նախաձեռնությանը։
Ապագայում բոլոր կառավարությունները կկարողանան մեզնից ծառայություններ ձեռք բերել, բայց մեր գործունեությունը կլինի նաև կոմերցիոն, քանի որ մենք պատրաստվում ենք տիեզերքում արտադրել այնպիսի իրեր, որոնք Երկրի վրա արտադրելն անհնար է։ Բացի այդ, տիեզերք կմեկնեն մասնավոր աստրոնավտներ, և տիեզերակայանը կդառնա հարթակ Արեգակնային համակարգի այլ վայրեր գնալու համար։
- Ձեր կարծիքով՝ ե՞րբ հնարավոր կլինի կոմերցիոն տիեզերական հետազոտություններ անցկացնել կառավարություններից անկախ։ Այսօր ոլորտի ընկերությունների մեծ մասը կախված է պետական պայմանագրերից կամ գործընկերություններից։ Պատկերացնո՞ւմ եք ապագա, երբ մասնավոր ընկերությունները կկարողանան ամբողջությամբ ինքնուրույն գործել։
- Կարծում եմ՝ այո։ Պետությանը որպես հաճախորդ ունենալը խնդիր չէ։ Օրինակ՝ Apple-ը կամ Google-ը առևտրային ընկերություններ են, և կառավարությունը նրանց հաճախորդներից մեկն է։ Ավիաընկերությունները նույնպես առևտրային կազմակերպություններ են, բայց կառավարությունը կարող է օգտվել նրանց ծառայություններից։ Ապագայում տիեզերական ոլորտում էլ այդպես կլինի։ Մենք առևտրային ընկերություն ենք լինելու, և կառավարությունը կլինի մեր հաճախորդներից մեկը, բայց ոչ միակը։
- Վերադառնանք Axiom Space-ին։ Նախատեսում եք զրոյից ամբողջովին նոր տիեզերակայան կառուցել, թե՞ կօգտագործեք ուղեծրում արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները։
- Ո՛չ, մենք ամեն ինչ զրոյից ենք սկսում։ Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։
- Աշխատանքներն արդեն սկսվե՞լ են։
- Այո՛։ Մենք ամեն ինչ կառուցում ենք։ Մեր տիեզերակայանի արձակումը նախատեսում ենք 2028-2029 թվականներին։
- Իսկ որքա՞ն մեծ է այն լինելու։
- Ներկայիս տիեզերակայանը կառուցվել է ոչ մոդուլային սկզբունքով։ Մեր նախագծած կայանը, ընդհակառակը, լինելու է մոդուլային․ յուրաքանչյուր մոդուլ ինքնուրույն միավոր է լինելու։ Մենք կարող ենք ունենալ 50, 60 կամ նույնիսկ 100 մոդուլ, որոնք կմիացվեն իրար՝ լեգոյի կտորների նման։ Դրանք փոխկապակցված կլինեն, բայց եթե մոդուլներից մեկը շարքից դուրս գա, մենք կկարողանանք այն ուղեծրից դուրս բերել և մեկ այլ մոդուլ ուղարկել։
- Ձեր առաքելությունների իրականացման համար համագործակցելո՞ւ եք SpaceX-ի նման ընկերությունների հետ։
- Այո՛, իհարկե։ Մենք արդեն օգտվում ենք SpaceX-ի ծառայություններից, բայց համագործակցելու ենք նաև բազմաթիվ այլ ընկերությունների հետ։
- Ձեր կարծիքով՝ տիեզերքում ո՞րը պետք է լինի մարդկության վերջնական նպատակակետը։
- Ես հավատացած եմ, որ մարդկության վերջնական նպատակը պետք է լինի այլ աստղերի մոտ գնալը։ Ոչ թե պարզապես մեր Արեգակնային համակարգի ներսում տեղաշարժվելը, այլ դրանից այն կողմ գնալը։ Մարդկության ճակատագիրը միջաստղային [քաղաքակրթություն] դառնալն է։ Սա է վերջնական նպատակակետը։
- Բայց ներկայիս տեխնոլոգիաներով դա անհնար է։
- Դա հնարավոր է, պարզապես մեզ ավելի շատ ժամանակ է պետք՝ ինժեներիան/ճարտարագիտությունը, գիտությունը զարգացնելու համար։
- Բայց դա միակողմանի ճանապարհորդություն կլինի, այնպես չէ՞։
- Ոչ, պարտադիր չէ, եթե կարողանանք համապատասխան տեխնոլոգիաներ մշակել։ Օրինակ՝ եթե ցանկանանք հասնել մեր ամենամոտ աստղին՝ Կենտավրոսի Պրոքսիմային, պետք է հաշվի առնենք, որ այն գտնվում է մոտ 4,25 լուսատարի հեռավորության վրա։ Իսկ մեր գալակտիկայի մի ծայրից մյուսը մոտ 100 հազար լուսատարի է։
Եթե գնանք միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ, ճանապարհորդությունը կտևի մոտ 2000 տարի։ Եթե գնանք ջերմամիջուկային ռեակցիաների տեխնոլոգիաների կիրառմամբ, այն կարող է տևել մոտ 100 տարի։ Իսկ մենք ցանկանում ենք այնպիսի տեխնոլոգիա ստեղծել, որը թույլ կտա այդ ճանապարհն անցնել ընդամենը վեց ամսում։
- Դա ընդհանրապես հնարավո՞ր է։
- Այո՛։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում տիեզերքի հետազոտության մեջ։
- Այն, որ տիեզերքը միավորում է մարդկությանը, օգնում ավելի մոտ լինել միմյանց։ Կարծում եմ՝ մենք չափազանց պառակտված ենք դարձել, բաժանված խմբերի։ Ամեն բան տարանջատման մասին է՝ կրոնը, երկիրը, ազգային պատկանելությունը, քաղաքական հայացքները։ Ինձ ոգեշնչում է այն գաղափարը, որ կարող ենք համախմբել ողջ մարդկությանը և գիտակցել, որ իրականում բոլորս մեկ ամբողջություն ենք։
- Բայց չե՞ք կարծում, որ նույնիսկ այդ դեպքում կարող է խառնվել քաղաքականությունը․․․
- Այո՛, բայց եթե ուզում ենք դառնալ միջաստղային քաղաքակրթություն, փորձեք պատկերացնել հետևյալը։ Մենք դուրս ենք գալիս մեր Արեգակնային համակարգի սահմաններից։ Մեր Ծիր Կաթին գալակտիկայում կա 400 միլիարդ աստղ։ Մենք դրանցից միայն մեկի շուրջ ենք պտտվում։ Եվ կան այնքան շատ այլ մոլորակներ, և այդ ամենը՝ 100 հազար լուսատարի հեռավորությամբ։
Ենթադրենք՝ մենք հետևում ենք թողնում մեր գալակտիկան։ Տիեզերքում կա ևս երկու տրիլիոն գալակտիկա։ Երկու տրիլիո՜ն. միայն մտածեք սրա մասին։
Երբ տղաս ութ տարեկան էր, մի օր ինձ հարցրեց. «Պա՛պ, իսկ որքա՞ն մեծ է տիեզերքը»։ Ես նրան պատասխանեցի Կարլ Սագանի խոսքերով՝ եթե պատկերացնենք Երկրի բոլոր օվկիանոսներն ու անապատները և դրանցում եղած ավազի բոլոր հատիկները, ապա մեր ամբողջ Արեգակնային համակարգը դրանցից ընդամենը մեկ ավազահատիկի չափ է։
Պատկերացրեք՝ որքան անսահման է տիեզերքը։ Կարծում եմ՝ մեր ճակատագիրը դա բացահայտելն է, ուսումնասիրելն ու դեպի այն ճանապարհ ընկնելը։
***
«Արմենպրես»-ի կողմից STARMUS փառատոնի լուսաբանումն իրականացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։