Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ

3 րոպեի ընթերցում

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկը՝ Binance-ը, դարձել է պատմության մեջ ամենախոշոր կրիպտոհարձակման թիրախը։ Հաքերները բորսայից գողացել են շուրջ 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ բլոկչեյնի վերլուծությամբ զբաղվող ամերիկյան TRM Labs և Chainalysis ընկերությունների տվյալներով՝ հարձակման հետևում են կանգնած Հյուսիսային Կորեայի հաքերները։ TRM Labs-ի հայտարարության համաձայն՝ հարձակվողները թիրախավորել են Binance-ի դրամապանակները 10 բլոկչեյնային ցանցերում և միջոցների մեծ մասը տեղափոխել մոտ 20 րոպեի ընթացքում։

Binance-ը հայտնել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է սառեցնել մոտ 3 միլիարդ դոլարի ակտիվներ։ Մնացած շուրջ 3,3 միլիարդ դոլարի կարգավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։

Բորսայի համահիմնադիր Յի Հեն հայտարարել է, որ ընկերությունը կփոխհատուցի հաքերային հարձակման հետևանքով առաջացած բոլոր կորուստները։ Binance-ը նաև վստահեցրել է, որ օգտատերերի ավանդները չեն տուժել, և ակնկալվում է, որ միջոցների ելքագրման ծառայությունները կվերականգնվեն առաջիկա 48 ժամվա ընթացքում։

Հետաքննության նախնական տվյալներով՝ հարձակումը, հավանաբար, սկսվել է Binance-ի ինժեներներից մեկին պատկանող նոութբուքի կոտրումից։ Դրա միջոցով հարձակվողին, ենթադրաբար, հաջողվել է մուտք գործել բորսայի համակարգերից մեկը և իրականացնել գումարի չարտոնված ելքագրում։

Նմանատիպ այլ հարթակները, մասնավորապես, Tether և Circle ընկերությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ սառեցնելով շուրջ 2,4 միլիարդ դոլարի ակտիվներ։

Հարձակման մասին լուրերից հետո կրիպտոարժույթների շուկայում գրանցվել է անկում։ Նվազել են նաև կրիպտոարդյունաբերության հետ կապված ընկերությունների բաժնետոմսերը։

Binance-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս գնել և վաճառել թվային ակտիվներ, ունի շուրջ 335 միլիոն գրանցված օգտատեր ամբողջ աշխարհում։ Ըստ 2025 թվականի տարեկան զեկույցի՝ ընկերությունը նաև ուներ 168,2 միլիարդ դոլարի ակտիվներ։  Կրիպտոարժութային բորսան ունի ակտիվների պաշտպանության ապահովագրական հիմնադրամ, որն, ընկերության պաշտոնական կայքի համաձայն, ամբողջությամբ բիթքոյնով պահվող 1 միլիարդ դոլարի պահուստ է և նախատեսված է անվտանգության խախտումների դեպքում օգտատերերի ակտիվները պաշտպանելու համար։

Այս միջադեպը տեղի է ունենում կրիպտոարդյունաբերության դեմ հարձակումների աճի ֆոնին։ TRM Labs-ի տվյալներով՝ միայն 2025 թվականին գրեթե 150 հարձակման հետևանքով գողացվել է շուրջ 2,9 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ։

Հայերեն English Русский

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ