1 րոպեի ընթերցում
Արևելյան Եվրոպայում Starlink արբանյակային ցանցի օբյեկտների հրկիզումներին առնչություն ունենալու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Նրանք ներկայումս գտնվում են կալանքի տակ Գերմանիայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Լիտվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Ինչպես հայտնել է Լիտվայի քրեական ոստիկանության բյուրոյի պետի տեղակալ Սաուլյուս Բրիգինասը, ձերբակալված երիտասարդները բնակվում են Գերմանիայում։ Նրանցից մեկն ունի Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն, իսկ մյուսը՝ Գերմանիայի և Սերբիայի։
Ըստ քննիչների՝ նրանք առնչություն ունեն հոկտեմբերի կեսերին Վիլնյուսում գտնվող օբյեկտներից մեկում Starlink-ի սարքավորումների հրկիզման փորձի հետ։ Հարձակման ժամանակ օգտագործվել են դյուրավառ հեղուկներ և «Մոլոտովի կոկտեյլներ», սակայն խոշոր հրդեհի բռնկումը կանխվել է։
Քննիչներն ուղղակի կապ են տեսնում Գերմանիայում ձերբակալված անձանց և Starlink-ի ալեհավաքների հրկիզման դեպքերի միջև ոչ միայն Լիտվայում, այլև Լեհաստանում և Բուլղարիայում։