Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել
1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը։
«Քաղաքացիական պաշտպանության մարմինը գրանցել է երկու բալիստիկ հրթիռների անկումն Էր Ռիադում՝ դրանք որսալուց և ոչնչացնելուց հետո», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Սաուդյան մամուլի գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ հրթիռներն արձակել են հութիները: Ընկնող բեկորները վնասել են շենք, շինհրապարակ և մեկ մեքենա: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել էր, որ ապստամբները հրթիռային ուղիղ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը։