ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հրահանգել է Սաուդյան Արաբիայում իր դեսպանատան ոչ կենսական նշանակության գործառույթներ կատարող աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը։ Այս քայլը տեղի է ունենում Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հարվածների ակտիվացման ֆոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։

Պաշտոնյան հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հութիների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն հեռանալու հրահանգ է տալու Պարսից ծոցի այլ երկրների իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ևս։ Նա շեշտել է, որ հրահանգը վերաբերում է միայն Սաուդյան Արաբիային։

«ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է միայն Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ կառավարության՝ ոչ հրատապ գործառույթներ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը։ Իրանի աջակցությունը վայելող հութիներն ավելի ու ավելի հաճախ են ռազմական գործողություններ իրականացնում Սաուդյան Արաբիայի դեմ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա, որոնք հանգեցնում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորների  և ուղևորափոխադրումների լուրջ խափանումների», - գրել է պաշտոնյան։

Պետքարտուղարությունը հոկտեմբերի 21-ին նաև անվտանգության մասին ծանուցում է տարածել՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն օդանավակայանների վրա հնարավոր հարձակումների և ուղևորությունների ընդհանուր խափանումների վտանգի մասին։ Ամերիկացիներին ուղղված այս հաղորդագրությունը տարածվել է վերջին շաբաթների ինտենսիվ հարձակումների ֆոնին, որոնց ընթացքում թիրախավորվել են Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, Սաուդյան Արաբիայի ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը՝ հանգեցնելով զոհերի և վիրավորների։

Հոկտեմբերի 21-ի երեկոյան առնվազն մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել թագավորության արևելյան Դամամ քաղաքի միջազգային օդանավակայանին հութիների հասցրած հարվածի պատճառով։

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

ԱՄՆ-ն մեծացրել է Սաուդյան Արաբիային ցուցաբերվող ռազմական աջակցությունն՝ ընդլայնելով հետախուզական տվյալների տրամադրումն ու թիրախների ընտրության հարցում օգնությունը։ Սակայն թագավորությունն ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցություն է խնդրում հարձակողական գործողությունների համար, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ որոշել է հարվածներ չհասցնել հութիներին։

Հոկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կտեղակայի կործանիչներ՝ Սաուդյան Արաբիան հութիների հարձակումներից պաշտպանելու համար։ Վերջին օրերին Եգիպտոսը նույնպես խոստացել է տրամադրել «աջակցության բոլոր անհրաժեշտ և հնարավոր ձևերը»։

Հայերեն Русский