2 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կողմից սեփական ձեռագրով խաղի ակնկալիք ունի:
«Եվրոպա լիգան երկրորդ ուժեղագույն ակումբային մրցաշարն է, սակայն այս փաստը մեզ չի վախեցնում: Պետք է հասկանանք մեր սխալները, վերլուծենք մեր սխալները: Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը: Բայց այս մրցաշարում պետք է նաև ճկուն լինենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Մարզչի խոսքով` Եվրոպա լիգայի նախորդ երկու տուրերում թիմը կարող էր միավորներ ունենալ, իսկ հիմա միակ քայլը նախորդ սխալների վերլուծությունն է:
«Ամեն ինչ անելու եմ, որ մեր խաղը փոխենք և վերջապես միավորներ վաստակենք` ուրախություն բերելով մեր երկրպագուներին»,-առանձնացրեց նա:
Տուլիպան ընդգծեց, որ դիտել է «Նոա»-ի ու «ԱԶ Ալկմար»-ի երևանյան նախորդ հանդիպումը ու ներկայիս «ԱԶ Ալկմար»-ը մեծ փոփոխություններ չի կրել:
«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Խուան Բալանտան բարդ հանդիպում է սպասում առաջիկայի մրցախաղում:
«Իսկապես դժվար էր նախորդ հանդիպումը: Որոշ դրվագներում կենտրոնացվածություն չունեինք, ամեն ինչ անելու ենք հաջորդ խաղերում միավորներ վաստակելու համար: Շատ ուժեղ թիմեր ունենք մեզ մրցակից և «ԱԶ Ալկմար»-ն ն էլ բացառություն չէ: Ուզում ենք պարզապես վայելել այս խաղը»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հոկտեմբերի 22-ին կհյուրընկալի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին: