ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության շուրջօրյա հետևողական աշխատանքի առանցքային ուղղություններից են նաև սպանության նախապատրաստության դեպքերի կանխումն ու բացահայտումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, քրեական ոստիկանների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին սպանության նախատրաստության մեկ տասնյակից ավելի դեպք է բացահայտվել, իսկ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 8 դեպք։

«Սա հստակ մարտավարություն է, որը ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Նախապատրաստության փուլում հանցագործություն կանխելը կամ բացահայտելը բարդ գործընթաց է, որովհետև շատ ավելի զգայուն և բարդ իրավիճակում ենք գործում, երբ մենք չունենք հստակ փաստ, և այդ փաստերը որոնել և դրանք ապացույց դարձնելը, ըստ էության, բավականին բարդ է, բայց Քրեական ոստիկանության, ինչպես նաև մյուս ծառայությունների համատեղ ջանքերով մենք ունենում ենք այդպիսի դեպքերի բացահայտումներ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Սպանության նախապատրաստության բացահայտումը բազմաշերտ և ծավալուն գործընթաց է․ այն պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ գործիքակազմի կիրառում, ինչպես նաև գործընկեր իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցություն։

«Սպանությունների նախապատրաստության բացահայտման հիմնական դժվարություններն այն են, որ դրանք լատենտային հանցագործություններ են․ հանցագործություն նախապատրաստող անձինք հիմնականում գործում են ծածկագրված, և շատ կարևոր է ինչ-որ փուլում հայտնաբերել նախապատրաստության ամբողջ մեխանիզմը»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ պետի տեղակալ Վահե Մուշեղյանը։

Քրեական ոստիկանների կողմից հետևողականորեն իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության մասին է վկայում վերջերս կանխված սպանության նախապատրաստության դեպքը։

Վահե Մուշեղյանի խոսքով՝ դեպքը հատկանշական է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրն իր հերթին պլանավորել էր մյուս կողմի սպանությունը, ինչի համար ձեռք էր բերել հանցագործության գործիք հանդիսացող հրազեններ: Քրեական ոստիկանների կողմից ամիսներ շարունակ տևած բարդ և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել:

ՆԳ նախարարությունը կարևորում է հանցավորության կանխարգելման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը։ Այդ նպատակով մշակվում է Հանցավորության կանխարգելման ռազմավարություն, որի հիմքում հանցավորության պատճառների ուսումնասիրությունն ու դրանց վերացմանն ուղղված համակարգային լուծումներն են։

«Մենք պետք է հասկանանք սպանությունները կամ առհասարակ բռնությամբ կատարվող հանցագործությունները ինչ պատճառներ ունեն․ այս հարցերի լուծումները հասցեագրել ենք ընդհանուր հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Հանցավորության, այդ թվում՝ բռնության գործադրմամբ հանցագործությունների պատճառների շարքում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական զարգացումները, անհանդուրժողականությունն ու քրեական ենթամշակույթի ազդեցությունը։

«Շատ կարևոր են քրեական ենթամշակույթի զսպման, նվազեցման, վերացման ուղղությամբ մեր ձեռնարկվելիք միջոցառումները․ դա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նշվում է, որ ՆԳ նախարարությունը, առաջնորդվելով հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ, հետևողականորեն շարունակելու է հանցավորության կանխարգելման միասնական մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ աշխատանքը։

 

Հայերեն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

Թրամփը հայտարարել է, որ 400 մլն դոլար է հատկացրել միջանկյալ ընտրությունների համար

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Պեսկովը ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր