Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

11 րոպեի ընթերցում

Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստին ընդառաջ։

Հայտարարությունն ամբողջովին ներկայացնում ենք ստորև․

«Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխության և աղտոտման հետ մեկտեղ, երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Այն վտանգում է յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու հիմնարար իրավունքը։

Երեխաների կյանքն ու բարեկեցությունը անմիջականորեն կախված են կենսաբազմազանությունից։ Կենսաբազմազանությամբ է պայմանավորված նրանց սնունդը, խմելու ջուրը, շնչելու համար անհրաժեշտ օդը, ինչպես նաև այն էկոհամակարգերը, որոնք պաշտպանում են նրանց  աղետներից ու հիվանդություններից։

Կենսաբազմազանության կորուստը հատկապես ծանր հետևանքներ ունի երեխաների համար․ նրանց օրգանիզմն ու իմունային համակարգը դեռ զարգանում են, նրանք ավելի խոցելի են թերսնուցման, ջրի և հիվանդություններ փոխանցող միջատների ու այլ օրգանիզմների միջոցով տարածվող հիվանդությունների, օդի աղտոտման և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ցնցումների նկատմամբ*։

Թեև երեխաները կազմում են աշխարհի բնակչության շուրջ 30 տոկոսը, ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց կեսից ավելին երեխաներ են։ Աղքատությունն ավելի է մեծացնում նրանց խոցելիությունը բնապահպանական և կլիմայական վտանգների նկատմամբ*։

Հետևանքներն արդեն իսկ ծանր են․ մինչև հինգ տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելի քան մեկ քառորդը պայմանավորված է շրջակա անառողջ միջավայրով*։  Կենսաբազմազանության կորուստը նաև սահմանափակում է բնության հետ շփվելու երեխաների հնարավորությունները, թեև ավելի ու ավելի շատ է կարևորվում այդ շփման դերը երեխաների ֆիզիկական առողջության, ճանաչողական զարգացման և հոգեկան բարեկեցության ապահովման համար։

ՄԱԿ-ի` Երեխայի իրավունքների կոմիտեն 2023 թվականին ընդունած թիվ 26  ընդհանուր մեկնաբանությամբ վերահաստատել է յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու իրավունքը։ Կոմիտեն նաև ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը «մոլորակային եռակի ճգնաժամի»*  հիմնական բաղադրիչներից է և լուրջ սպառնալիք է երեխայի իրավունքների պաշտպանության ու նրանց բարեկեցիկ ապագայի համար։

Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները։ Սակայն նրանց տեսակետներն ու կարիքները դեռևս բավարար չափով հաշվի չեն առնվում քաղաքականություն մշակելիս և բյուջետային միջոցներ հատկացնելիս։ Սա չիրացված հնարավորություն է։ Միևնույն ժամանակ, դեռահասներն ու երիտասարդները, հատկապես աղջիկները, իրենց նախաձեռնողականությամբ, նորարարական գաղափարներով և հանձնառությամբ կարևոր դեր են ստանձնել կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության գործում։

Երեխայի իրավունքների ու բարեկեցության պաշտպանությունը և որոշումների կայացման գործընթացներում դեռահասների ու երիտասարդների լիարժեք ու գործուն մասնակցության ապահովումը կարևոր պայմաններ են մարդկանց և մոլորակի համար կայուն ու դիմակայուն լուծումներ գտնելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում այս համաժողովի մասնակից երկրներին, զարգացման գործընկերներին, բիզնեսի ներկայացուցիչներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին երեխաներին և երիտասարդներին դարձնել կենսաբազմազանության պահպանության և վերականգնմանն ուղղված գործողությունների առանցքային դերակատարներ՝ ձեռնարկելով հետևյալ քայլերը՝

Երեխայի իրավունքները ներառել կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում (NBSAPs)։ Կենսաբազմազանությանն առնչվող քաղաքականություններում պետք է հստակորեն հաշվի առնել դրա փոփոխությունների ազդեցությունը երեխաների առողջության, կրթության, սնուցման, ջրով ապահովվածության և պաշտպանության վրա։ Այս մոտեցումը պետք է արտացոլվի նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման առաջընթացի համապարփակ գնահատման նպատակով մշակվող՝ տվյալներն ըստ տարիքային խմբերի տարանջատված ներկայացնելու ուղեցույցում, ինչպես նաև կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի հետագա վերանայումների ընթացքուում։ Այս աշխատանքները պետք է առաջ տարվեն գենդերային տարանջատված  տվյալների ներկայացման շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ։

Ավելի սերտորեն համադրել կենսաբազմազանության պահպանության և կորուստների ու վնասների հաղթահարմանն ուղղված քաղաքականությունները։ Դրա համար անհրաժեշտ է ազգային գնահատումների, պլանավորման և ֆինանսավորման գործընթացներում հաշվի առնել էկոհամակարգերի դեգրադացիան և դրա հետևանքները երեխաների համար։ Դրանք ներառում են նաև մշակութային ժառանգության, բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքների ու ինքնության, ինչպես նաև հողի և բնության հետ կապի կորուստը։

Զգալիորեն ավելացնել երեխաների կարիքների վրա հիմնված ՝ կենսաբազմազանության պահպանությանն ու կլիմայական գործողություններին ուղղվող ֆինանսավորումը և այն նպատակաուղղել առաջնահերթ ոլորտներին։ Առաջնահերթություն պետք է տրվի բնության վրա հիմնված լուծումներին և էկոհամակարգերի վերականգնմանը, որոնք օգնում են պահպանել և բարելավել երեխաների համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, այդ թվում՝ դպրոցների, բուժհաստատությունների, ջրամատակարարման համակարգերի և սոցիալական պաշտպանության ծրագրերի գործունեությունը։ Մասնակից երկրները պետք է ապահովեն, որ ֆինանսավորման մեխանիզմներում, այդ թվում՝ Կալիի (Cali Fund) հիմնադրամում և 19-րդ թիրախով նախատեսված ռեսուրսների մոբիլիզացման ռազմավարության շրջանակում, երեխաների համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները հստակորեն ճանաչվեն որպես ֆինանսավորման առաջնահերթ ուղղություններ։ Անհրաժեշտ է նաև սահմանել երեխաների կարիքներն արտացոլող ցուցանիշներ՝ տարեկան 200 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նպատակին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը գնահատելու համար։

Ապահովել երեխաների խնդիրների ու կարիքների ներառումը  կենսաբազմազանության մշտադիտարկմանը, պահպանվող տարածքների կառավարմանը և «30x30» նախաձեռնության իրականացմանը։ Կենսաբազմազանության մշտադիտարկման համակարգերում անհրաժեշտ է ներառել տվյալներ՝ ըստ տարիքային խմբերի։ Պահպանվող տարածքների կառավարման և դրանցից ստացվող օգուտների բաշխման գործընթացներում ևս պետք է հստակորեն հաշվի առնել բնիկ ժողովուրդների համայնքներում և գյուղական բնակավայրերում ապրող երեխաների կարիքներն ու իրավունքները։

Առաջնահերթություն տալ կենսաբազմազանության պահպանության այն միջոցառումներին, որոնք առավել մեծ օգուտ են բերում երեխաների առողջությանը։ Դրանք են ճահճային տարածքների, փոշոտող միջատների, անտառների և քաղաքային կանաչ տարածքների պահպանությունը։ Այս բնական համակարգերն ու դրանցում ապրող տեսակները կարևոր դեր ունեն մաքուր ջրի և սննդարար ու առողջսննդի ապահովման, օդի աղտոտվածության նվազեցման, կլիմայական վտանգներին դիմակայելու և վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու գործում։

Խթանել կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն աջակցող սննդային համակարգերը, որոնք երեխաներին ապահովում են բազմազան, սննդարար և կայուն սննդով։ Դրա համար անհրաժեշտ է աջակցել գյուղատնտեսական կենսաբազմազանության պահպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցություններին դիմակայուն և սննդանյութերով հարուստ մթերքների տեղական արտադրությանը, ինչպես նաև սննդամթերքի կայուն արժեշղթաների զարգացմանը։ Կարևոր է նաև ձևավորել այնպիսի սննդային միջավայր, որտեղ երեխաների համար ավելի հասանելի կլինի առողջ ու կայուն սնունդը, և որը կնպաստի էկոհամակարգերի դիմակայունության ամրապնդմանը։

Ընդլայնել կենսաբազմազանության մասին կրթությունն ու բնապահպանական գրագիտությունը, որպեսզի երեխաները ձեռք բերեն բնության պահպանությանն ակտիվորեն մասնակցելու և ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու վստահություն։ Կրթության և կենսաբազմազանության վերաբերյալ գործողությունների համաշխարհային ծրագիրը կարևոր հնարավորություն է՝ երեխաներին ճանաչել որպես այս գործընթացի լիարժեք մասնակիցներ, իսկ դպրոցները՝ որպես ծրագրերի իրականացման կարևոր հարթակներ։

Ապահովել երեխաների և երիտասարդների լիարժեք ու բովանդակալից մասնակցությունը կենսաբազմազանության վերաբերյալ որոշումների կայացմանը՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի 22-րդ թիրախում «երեխաներն ու երիտասարդներն» արդեն իսկ հիշատակվում են այն խմբերի շարքում, որոնց մասնակցությունը մասնակից երկրները պարտավորվել են ապահովել։ Սակայն գործնականում մասնակցության հնարավորությունները հաճախ նախատեսվում են միայն երիտասարդների համար՝ երեխաներին դուրս թողնելով այդ գործընթացներից։ Ուստի անհրաժեշտ է հստակորեն ամրագրել նաև երեխաների մասնակցությունը՝ այս բացը լրացնելու համար։

Պետք է հիշել, որ կենսաբազմազանության կորուստն ու շրջակա միջավայրի վատթարացումը զուտ բնապահպանական խնդիրներ չեն․ դրանք լուրջ սպառնալիք են մեր երեխաների ապագայի համար։ Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ, բնության վրա հիմնված յուրաքանչյուր լուծում, վերականգնված հողի յուրաքանչյուր հեկտար, երեխաների համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների դիմակայունության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ջանք և իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ստացած յուրաքանչյուր երիտասարդ առաջնորդ մեզ ավելի են մոտեցնում այն աշխարհին, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է ապրել, մեծանալ և լիարժեք զարգանալ»։

Հայերեն

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ