Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդրի լուծման հնարավորություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն թեմային անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսին՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ թեմային առնչվող հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր պատկերացումը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել էր Փաշինյանը։
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ խնդրի լուծման տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են և խորությամբ կքննարկվեն Ադրբեջանի հետ։
Նա շեշտել է՝ չի ցանկանում որևէ պայմանավորվածություն կանխորոշել, սակայն նկատել է, որ եթե որոշում կայացվի ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ բան փոխանցել և որևէ բան ստանալ, համազգային քվեարկության հարց կարող է առաջանալ։
Միրզոյանը շեշտել է, որ անկլավ-էքսկլավների փոխանակումը լուծման հնարավոր տարբերակներից մեկն է, տեսականորեն կարող են լինել նաև այլ տարբերակներ։
«Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից ևս կա կառուցողական մոտեցում այս հարցի նկատմամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։