Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին
3 րոպեի ընթերցում

Հայաստանը խնդիր չունի հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարման հետ, Հայաստանը պարզապես ցանկանում է իր երկաթուղին դարձնել մրցունակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը:
«Ռուսական երկաթուղիների նախագահը Հայաստան էր ժամանել իմ հրավերով, և ես իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ: Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծել այդ հարցը, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է առաջարկների քննարկմանը:
«Երեկ քննարկման արդյունքում ես ասել եմ շատ լավ, եկեք, ուրեմն, ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ո՞նց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ, որ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում: Իրենք ասում են, որ պատժամիջոցները դրան չեն խանգարում»,- նշեց վարչապետը:
Հայաստանի կառավարության համար ռազմավարական նպատակներ են Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը, Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը Վանաձոր-Գյումրի ճյուղին միացնելը, ինչպես նաև Ախուրիկում սռնանիվները փոխելու կետի կառուցումը:
«Գիտեք, որ հետխորհրդային տարածքի և Եվրոպայի երկաթուղիների ռելսերը տարբերվում են, դրա համար Խորհրդային Միության ժամանակ այնտեղ դեպո է եղել, որտեղ սռնանիվները փոխում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ևս խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։