Կառավարությունը ՀԷՑ-ը նախատեսում է հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարման
2 րոպեի ընթերցում
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետական սեփականություն դարձնելուց հետո Կառավարությունը նախատեսում է այն կառավարման հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀԷՑ-ի վերամասնավորեցումը Կառավարության ծրագիրը չէ։
«Այսինքն՝ մենք վերամասնավորեցնելու նպատակ չունենք։ Համենայնդեպս, մեր պլանը դա չի»,– ասել է վարչապետը։
Փաշինյանը պարզաբանել է, որ այլ տարբերակների քննարկման կանցնեն, եթե օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի իրականացնել նախատեսված ծրագիրը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի հետագա կառավարման հարցն առաջիկայում լինելու է Կառավարության կարևորագույն թեմաներից մեկը։
Վարչապետը նաև հստակեցրել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ քննարկվող որոշումն իրավական առումով առանձին ընթացակարգ է և չի նույնանում ապօրինի գույքի վերադարձի, պետական կամ համայնքային շահերի պաշտպանության գործընթացների հետ։ Միաժամանակ նա այն քաղաքական առումով համարել է գույքի վերադարձի օրակարգի մաս։
«Բայց քաղաքական առումով սա մեզ համար ապօրինի գույքի վերադարձի պրոցեսի անբաժանելի մասն է, և սա շատ կարևոր եմ համարում»,– հայտարարել է Փաշինյանը։
Խոսելով այդ օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է նաև Աջափնյակում մայթերն ու տարածքներն ազատելու աշխատանքներին՝ ողջունելով Երևանի քաղաքապետարանի գործողությունները։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքների արդյունքը չի արտացոլվելու Կառավարության ծրագրում նշված՝ 2 միլիարդ դոլարի գույքի վերադարձի նպատակի հաշվարկում, թեև դա ևս քաղաքացիներին վերադարձվող կոնկրետ արժեք է։
Փաշինյանը նշել է, որ Երևանում և մարզերում տարածքների վերադարձի որոշ հարցեր լուծվում են նաև բանակցությունների միջոցով՝ առանց դատարանների ծանրաբեռնվածությունն ավելացնելու։