Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
2 րոպեի ընթերցում

Ֆերմերները Կատալոնիայի տարբեր մասերից տրակտորների շարասյուներով ուղևորվել են Բարսելոնա՝ պահանջելով լուծումներ գտնել գյուղատնտեսական հատվածի վրա ազդող ճգնաժամային գործընթացների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր, ինչպես երբեք, մենք ունենք բազմաթիվ պատճառներ դուրս գալու փողոցներ՝ պաշտպանելու մեր աշխատանքն ու մեր տարածքը», - ասված է «Ֆերմերների միություն» արհմիության հաղորդագրության մեջ:
Բարսելոնայում բողոքի ցույցը նախատեսվում է Կատալոնիայի կառավարական պատվիրակության շենքի և գյուղատնտեսության տարածաշրջանային դեպարտամենտի մոտ:
Արհմիությունն ուշադրություն է հրավիրել վառելիքի, էլեկտրաէներգիայի, կերերի և պարարտանյութերի համար ծախսերի աճի, արտաքին մրցակցության, կլիմայի փոփոխության հետևանքով արտադրական գործընթացների խախտման վրա, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդության և այն վնասի վրա, որը հասցնում են վայրի կենդանիները: Նշվում է, որ ակցիան կդառնա «գյուղատնտեսական հատվածում բազմիցս կրկնվող ճգնաժամերի ֆոնին լուծումների բացակայության» պատասխանը:
Այլ պահանջների թվում կազմակերպությունը կոչ է արել, որ ցույց տրվի արտակարգ ֆինանսական օգնություն, նվազեցվի գյուղատնտեսական արտադրանքի ԱԱՀ-ն, սահմանվեն ոռոգման համար էլեկտրաէներգիայի հատուկ սակագներ և հարկման նվազագույն թույլատրելի դրույքաչափ պրոֆեսիոնալ գյուղատնտեսական դիզելային վառելիքի համար: