Աշխարհ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինայում գիշերն  իրականացրած թիրախների ցանկը։ Այն ներառում էր նաև էլեկտրակայաններ։ Այս ֆոնին Պեսկովին հարցրել են, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից քննարկված էներգետիկ հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար։

«Ինչի՞ մասին է հայտարարվել։ Ո՞րն էր էներգետիկ հրադադարի պարագիծը, և ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք այն նշված էր», - հարցրել է Կրեմլի խոսնակը։

Երբ բացասական պատասխան է ստացել, նա հաստատել է. «Դուք միանգամայն ճիշտ եք։ Հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։

Խոսնակը նաև նշել է, որ օրակարգում ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնեցված միջազգային հանդիպումներ չկան։

Մեկնաբանելով Washington Post-ի այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, իբր, մշակում են հակամարտության կարգավորման նոր համատեղ ծրագիր, որը բաղկացած է չորս հիմնական կետից, Պեսկովն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքներն ընթանում են առանձին ռեժիմով և կշարունակվեն այս կերպ։

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն, չնայած դրան, շարունակում է հարվածել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մոսկվան չէր մեկնաբանել էներգետիկ հրադադարի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում