ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր
1 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։
Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, երեխայի աշխատանքային իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։