Նոր տիպի ծխախոտները լուրջ մարտահրավեր են, թիրախում դեռահասներն են

4 րոպեի ընթերցում

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերին ու վնասներին նվիրված ասուլիս

Նորարարական ծխախոտային արտադրատեսակները նոր մարտահրավեր են առողջապահական համակարգի համար։ Ոլորտի պատասխանատուները, մասնագետներն ընդգծում են, որ նոր տիպի ծխախոտային արտադրանքը վերջին տարիներին լայն տարածում է ստանում և ծխախոտի դեմ իրականացվող պայքարը նոր խնդիրների է բախվում։ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ տարբեր ուղղություններով աշխատանք է տարել, սակայն այսօր նոր մարտահրավերների է բախվում։

«Հայաստանը տարիներ առաջ լավարկեց օրենսդրությունը, խստացրեց ծխելու պայմանները, ավելացվեց տուգանքների չափը, մտցվեցին գովազդի սահմանափակումներ։ Այո, վստահաբար դրանք իրենց ազդեցությունը թողել են, սակայն հիմա տեսնում ենք, որ մարքեթինգային տարբեր արշավների արդյունքում լայնորեն տարածում են գտնում նոր տիպի ծխախոտները։ Ընկերություններն առաջարկում են նոր փաթեթավորում՝ զուգորդված տարբեր համերով ու բույրերով, ինչի թիրախում հայտնվում են հատկապես կանայք ու դեռահասները»,-ասաց Մարիամ Մնացականյանը։

Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում 18-ից բարձր բնակչության շրջանում ծխում է 25,5 տոկոսը։ Նրանք ամենօրյա ծխողներ են։ Տղամարդկանց շրջանում 53 տոկոսն է ծխում, կանաց շրջանում՝ 2 տոկոսը։

«Երեխաների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները շարունակում են բարձր մնալ։ 15 տարեկան տղաների 25, աղջիկների 4 տոկոսն է ծխում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուրջ մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը։ Մեր երկրում արդեն 11 տարեկանից առաջին անգամ ծխախոտ փորձում են, իսկ 13 տարեկանների շրջանում մոտ 5 տոկոսն օգտագործում է տարբեր տեսակի ծխախոտային արտադրատեսակներ»,-ասաց Մարիամ Մնացականյանը։

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը, խոսելով ծխախոտի օգտագործման ռիսկերից, նշեց, որ ծխախոտի այրման պատճառով առաջանում են գազային թույներ, որոնք ներթափանցում են շնչառական ուղիներ, այնուհետև այլ օրգաններ։

«Ծխախոտի օգտագործումը մեծ ռիսկ է և կարող է տարբեր հիվանդությունների, այդ թվում, սրտանոթային խնդիրների, քաղցկեղի պատճառ դառնալ։ Պրակտիկայում առկա տվյալները ցույց են տալիս, որ թոքի քաղցկեղ ախտորոշված բուժառուների մեծ մասը ծխող է։ Թոքի քաղցկեղը հանդիպում է հիմնականում 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում, գերակշռում են տղամարդիկ։ Բուժառուներին ուղղված մեր հորդորն է թողնել ծխելը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում վիրահատական բուժումից հետո, երբ ստանում են դեղորայքային բուժում, ապրելիությունը լավանում է 5-10 տոկոսով»,-ասաց Տիգրան Բյուզանդյանը։

Մասնագետները նշում են, որ նոր մարտահրավերներին զուգահեռ պետք է ակտիվացնել ծխախոտի դեմ պայքարը, ոչ միայն շեշտադրել իրազեկումը, խստացնել տուգանքները, այլև լայն հնարավորություններ ստեղծել ծխելը թողնել ցանկացող անձանց համար։ Այսօր նման քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ կուղղորդեն մասնագետների մոտ։ Սկզբնական փուլում աջակցությունը կլինի հոգեբանական խորհրդատվությամբ, այնուհետև, եթե կարիքը լինի, համապատասխան մասնագետների օգնությամբ դեղորայքային բուժում կնշանակվի։

ՀՀ առողջապահության նախարարությունը գործարկել է նաև Smoke free Armenia բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկացնել արգելված վայրերում ծխելու դեպքերի մասին։

Հայերեն English