4 րոպեի ընթերցում
Սոնա Հարությունյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2004թ. առաջարկեց հոկտեմբերի 11-ը սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր: Այս նախաձեռնության խորհուրդն է՝ հասարակության, մասնագետների ուշադրությունը կենտրոնացնել ցավի հիմնահարցերի իրազեկման, լուսաբանման, հաղթահարման ուղիների վրա:
Ըստ ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի, ցավը սահմանվում է որպես «զգայական և հուզական տհաճ ապրում, որը պայմանավորված է հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքով»: Ներկայումս էլ ընդունված է ձևակերպել, որ ցավի զգացողության մեջ միահյուսված են հոգեբանականն ու ֆիզիոլոգիականը:
Հատկանշական է, որ չնայած ցավի հիմնախնդրի վերաբերյալ իրականացված բազմաթիվ հետազոտություններին և դրա նկատմամբ բազմամասնագիտական հետաքրքրությանը՝ այն շարունակում է մնալ արդիական ինչպես գիտական, այնպես էլ գործնական տեսանկյունից։
Ցավի հիմնախնդրի արդիականությունը հիմնավորվում է նախևառաջ տարածվածությամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ցավը բժշկին դիմելու գլխավոր պատճառներից է: ԱՀԿ -ի տվյալներով՝ 2020թ․-ին, մեջքի գոտկային ցավերից գանգատվել է շուրջ 619 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, և կանխատեսվում է, որ 2050թ․ այդ թիվը կդառնա 843 միլիոն։
Ցավի հիմնախնդիրն արդիական է նաև ախտորոշման դժվարությունների տեսանկյունից: Ցավը բարդ և սուբյեկտիվ ֆենոմեն է: Յուրաքանչյուրը յուրովի է տեղեկացնում իր ցավի տեղայնացման, տևականության, բնույթի մասին: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Ռ. Լերիշը. «Մենք հավասար չենք ցավի առջև»։
Ցավի հիմնախնդրի արդիականությունը հիմնավորվում է նաև հաշմանդամության բարձր ցուցանիշով և դեղորայքային թերապիայի ցածր արդյունավետությամբ:
Ցավը միայն ֆիզիկական զգացողությամբ չի սահմանափակվում։ Ցավի ընկալման և տանելիության վրա կարող են ազդել ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական և սոցիալական գործոնները։ Հատկապես տևական ցավը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու հուզական վիճակի, քնի, աշխատունակության, միջանձնային հարաբերությունների և կյանքի որակի վրա։ Այն հաճախ ուղեկցվում է անհանգստությամբ, ընկճվածությամբ և սոցիալական ակտիվության նվազումով։
Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի ցավի նկատմամբ համալիր մոտեցումը, որը հաշվի է առնում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ասպեկտները։ Բժշկական մոտեցման հետ մեկտեղ հոգեբանական աջակցությունը կարող է նպաստել ցավի հետ կապված դժվարությունների արդյունավետ հաղթահարմանը։ Ուստի ցավի հոգեբանության ուսումնասիրությունը կարևոր է թե՛ մասնագետների, թե՛ հասարակության համար։ Այս հիմնախնդրի լուսաբանմանն է միտված նաև «Ցավի հոգեբանություն» գիրքը, որը վերջերս վերահրատարակվել է։ Այն հնարավորություն է ընձեռում թեմայի վերաբերյալ գիտելիքները հասանելի դարձնել նոր ընթերցողների, ուսանողների և առողջապահության ոլորտի մասնագետների համար՝ նպաստելով ցավի և հոգեբանական գործոնների փոխկապակցվածության մասին իրազեկվածության բարձրացմանը։
N1 Ֆոտոթերապիայի ստուդիայի հիմնադիր
ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության կուրսի ավագ դասախոս, հ․գ․թ․, դոցենտ
«Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի հեղինակ Սոնա Հարությունյան