Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

4 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին մի շարք ուղղություններով իրականացված ծավալուն աշխատանքի շնորհիվ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում հայտնաբերման դեպքերը նվազել են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը նշեց, որ եթե 2018 թվականին հայտնաբերված դեպքերի 40 տոկոսի պարագայում հիվանդությունը 4-րդ փուլում էր, ապա 2025-2026 թվականների դինամիկան ցույց է տալիս, որ 4-րդ փուլի հիվանդացության ցուցանիշը իջել է՝ հասնելով 13 տոկոս։ Մասնագետը սա համարում է պետական արդյունավետ քաղաքականության, բուժման մակարդակի արդյունավետության բարձրացման, հասարակության լավ իրազեկվածության արդյունք։   

«Նախ պետական ծրագրերի շնորհիվ լավացել է բուժման որակը, ինչպես նաև բժշկական ծառայությունները հասանելի են դարձել կանանց լայն շրջանակի։ Վիրահատությունները դարձել են անվճար, ճառագայթային թերապիայի 24 սեանսն անվճար է, քիմիաթերապևտիկ և այլ թիրախային դեղորայքը, որն առաջներում համարվում էր անհասանելի, 2020 թվականից իրականացվող պետական քաղաքականության շնորհիվ հասանելի է։ Դրանից բացի, քաղցկեղով ցանկացած հիվանդ տարվա ընթացքում 1 200 000 դրամի դեղամիջոցներ կարող է ձեռք բերել տարվա ընթացքում։ Սրանք կարևոր փոփոխություններ են, որոնք օգնում են բուժառուին ժամանակին արձագանքել, իրականացնել բուժում ու իր հիվանդության հետ մենակ չմնալ»,-ասաց Հայկուհի Գեոկչյանը։  

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան 1600-ից ավելի կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում։  

«Այո, ցուցանիշը բարձր է, սակայն հստակ կարող ենք ասել, որ հիվանդությունը հայտնաբերելու մակարդակն է բարձրացել, դրան նպաստում են պետության կողմից իրականացվող միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, ինչպես նաև փոխվել է հասարակության մոտեցումը։ Տարիներ առաջ շատ էին դեպքերը, երբ բուժառուն խնդիրը նկատել էր, սակայն չկար ցավ, անհանգստացող գործոն, դրա համար չէր դիմել բժշկին։ Հիմա շատ են այն դեպքերը, երբ առանց որևէ գանգատի մարդիկ գնում են ու հետազոտվում»,-ասաց Արթուր Ավետիսյանը։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հասարակության մոտեցումը փոխվել է, շատերը գիտակցում են կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը և պարբերաբար հետազոտվում են, սակայն, ըստ մասնագետի, եղած միտումը ցանկալի մակարդակի վրա չէ։ «Դեռ շատ աշխատանք կա կատարելու, որ մեծ թվով կանայք ներգրավվեն սքրինինգային ծրագրերում, որոնք առաջարկում են անվճար հետազոտություն»,-հավելում է Արթուր Ավետիսյանը։

Հայկուհի Գեոկչյանը տեղեկացրեց նաև, որ պետությունն իրականացնում է 3 սքրինինգային ծրագիր՝ կապված արգանդի վզիկի, կոլոռեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի հետ։  Համընդհանուր ապահովագրության շրջանակում 45-68 տարեկան բոլոր կանայք կարող են անվճար հետազոտվել։ Այս դեպքում նույնիսկ թերապևտի մոտ գնալու կարիք չկա։ «Արմեդ» համակարգի միջոցով գրանցվում են իրենց նախընտրած բուժհաստատությունում և այցելում են հետազոտության։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել մամոգրաֆիկ հետազոտության համար նախատեսված 10 սարք, դրանք կտեղակայվեն մարզերի բուժհաստատություններում ու շուտով հասանելի կլինեն։ 

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել հիվանդության վերաբերյալ  իրազեկվածությունը, ընդգծել վաղ հայտնաբերման և ժամանակին բուժումն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ հոգալ սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։

Հայերեն English

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ