Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն
2 րոպեի ընթերցում
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն։
Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտներին առնչվող հարցերը՝ առանձնահատուկ ուշադրությամբ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանը և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ազատությունից զրկված անձանց պահման և քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների պատշաճ ապահովման վերաբերյալ։
Առանձին անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցերին։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ մանրամասն անդրադառնալով նաև Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, փակ հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերին և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են մասնագիտական փորձի փոխանակումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։