Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

«Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը։

Պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։

Առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում։

Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:

Հայերեն