4 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Օլիվիե Բուրդո, «Բոժանգլզին սպասելիս»
Նրանք պարում են Նինա Սիմոնի Mr. Bojangles երգի հնչյունների ներքո։ Նրանց որդին հիացմունքով հետևում է պարին։ Նրանց սերը մոգական է, գլխապտույտ առաջացնող մի անվերջ տոն։ Նրանց տանը տեղ կա միայն հաճույքի, երևակայության ու ընկերների համար։ Այս խելահեղ պարահանդեսը ղեկավարում է անկանխատեսելի ու էքսցենտրիկ մայրը։ Նա ամուսնուն ու որդուն անդադար ներքաշում է պոեզիայի ու պատրանքների մի հորձանուտ։ Սակայն տան արտասովոր տիրուհին մի օր անցնում է բանականության սահմանը։ Եվ հայր ու որդի անում են ամեն ինչ՝ անխուսափելին կանխելու, տոնը շարունակելու համար։ Խելահեղ սերը երբեք այսքան արժանի չի եղել իր անվանը։
Թարգմանիչ՝ Վահագն Աթաբեկյան։
Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն
Ժյուլ Վեռն, «Նավապետ Գրանտի որդիները»
Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» (1868 թ.) արկածային գրականության անգերազանցելի նմուշներից է՝ հեղինակի նշանավոր եռագրության առաջին մասը:
«Դունկան» զբոսանավի անձնակազմը Շոտլանդիայի ափերի մոտ որսած շնաձկան փորից հանում է մի շիշ, որի մեջ երեք լեզվով գրված առեղծվածային նամակ կա: Աղետի ենթարկված նավապետ Գրանտը օգնություն է խնդրում՝ նշելով միայն 37-րդ զուգահեռականը: Լորդ Գլենարվանը, նրա կինը և նավապետի զավակները՝ Մարին ու Ռոբերտը, ձեռնարկում են վտանգավոր ու շուրջերկրյա մի ճանապարհորդություն: հարավային Ամերիկայից մինչև Ավստրալիայի անտառներն ու Նոր Զելանդիայի վայրի ափերը՝ նրանք պայքարում են բնության տարերքի, մարդկային դավաճանության և անհայտության դեմ՝ հանուն հարազատ մարդու փրկության:
Սա պատմություն է անձնազոհության, անկոտրում կամքի և իսկական ընկերության մասին:
Թարգմանիչ` Նիկողայոս Թումանյան:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Նոն ֆիքշն գրականություն
Ռամ Չարան, Սթիվեն Դրոթեր, Ջիմ Նոել, Քենթ Ջոնասեն, «Առաջնորդության խողովակ»
Բիզնեսում արդյունավետ առաջնորդությունը բոլոր մակարդակներով կարևոր նախապայման է ընկերության գոյատևման համար։ Սակայն շատ ընկերություններում առաջնորդության խողովակաշարը, որը, ըստ էության, առաջնորդներ ձևավորելու ներքին ռազմավարությունն է, արդիական չէ կամ առհասարակ գոյություն չունի։ Հիմնվելով ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից շատերի փորձի վրա՝ հեղինակները ցույց են տալիս, թե կազմակերպություններն ինչպես կարող են իրենց աշխատակիցներին առաջնորդներ դարձնել՝ տարբերակելով նրանց, ծրագրելով հետագա զարգացումը և գնահատելով ձեռքբերումները։ Գիրքը ներկայացնում է կենսական նշանակության մոդել՝ բերելով դրա կիրառման կոնկրետ օրինակներ, և շեշտը դնում է այն հմտությունների, կարողունակությունների և աշխատանքային արժեքների վրա, որոնք անհրաժեշտ են առաջնորդության մի մակարդակից մյուսին անցում կատարելու համար։
Թարգմանությունն անգլերենից՝ Մարիամ Հարությունյանի։ Խմբագիր՝ Գոհար Քալաշյան։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: