Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

4 րոպեի ընթերցում

Ռուս ֆուտբոլային մասնագետ Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմում, «Տյումեն»-ում, «Սպարտակ-Չուկոտկա»-ում, Տուլայի «Արսենալ»-ում և Վլադիմիրի «Տորպեդո»-ում։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակ»-ի համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։

2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո, Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակ»-ում հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։

2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկի»-ն, սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։

2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։

Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիա»-ն և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիա»-ի հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկ»-ին։

2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտու»-ից։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտու»-ն անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։

Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալ»-ը, որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին 50-ամյա մասնագետը լքել է Տուլայի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը։

Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։

Հայերեն English