4 րոպեի ընթերցում
Արդեն 19-րդ անգամ գինու սիրահարների հանդիպման վայրը Արենին է․ հոկտեմբերի 3-ին անցկացվելու է Արենի գինու փառատոնը, որի շրջանակում 25 գինի արտադրող ընկերություն, ինչպես նաև 160 տնայնագործ գինի արտադրող կներկայացնի լայն տեսականի։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշեց, որ Արենի գինու փառատոնը բավական սպասված է, մեծ թվով հյուրեր են սպասում Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից։
«Նախորդ անգամ Արենի գինու փառատոնին շուրջ 30 հազար այցելու ենք ունեցել, այս տարի նույնքան, եթե ոչ ավելի, նախատեսում ենք։ Խմբերի ժամանման հաստատումներ ունենք Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից։ Բավական հագեցած ծրագիր ենք նախատեսել։ Այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ, համտեսել գինու լայն տեսականի, այլև ձեռք բերել տեղի բնակիչների առաջարկած բերքն ու բարիքը, ճաշակեն հետաքրքիր ուտեստներն ու անուշեղենը։ Լինելու է նաև համերգային ծրագիր, անցկացվելու են մրցույթներ՝ հաճելի ժամանց ապահովելու նպատակով»,-ասաց Նունե Մանուկյանը։
Գլխավոր միջոցառումներից զատ Արենի համայնքի տարբեր թաղամասերում առանձին փոքրիկ միջոցառումներ են լինելու։ Շատ ակտիվ գործելու են գաստրոբակերը, տարբեր տեղերում բաց անցկացվելու է լավաշի, գաթայի թխման արարողություններ, որոնց կարող են ներգրավվել այցելուները։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանում իրադարձային տուրիզմի զարգացման հիմքում հենց Արենի գինու փառատոնն է, որն իր մեծ նպաստն ունեցավ գինեգործական ավանդույթների զարգացման, ունեցած ժառանգությունը հանրահռչակելու գործում։
«Շատ տարիներ առաջ մենք ասում էինք, որ Հայաստանը պետք է առանձնանա իր ինքնատիպ զբոսաշրջային առաջարկներով, ու միջազգային զբոսաշրջիկը մտածի՝ արժի գնալ այլ երկիր, օրինակ, գարեջրի փառատոնին մասնակցել, թե գնալ Հայաստան ու գինու փառատոնին ներկա լինել։ Այսօր Արենի փառատոնն այնպիսի կայացած զբոսաշրջային պրոդուկտ է, որ աշխարհի շատ երկրներից գալիս են հենց այս փառատոնին մասնակցելու համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ Նա նկատեց, որ այսպիսի միջոցառումներով Հայաստանի հանրահռչակումը նպաստում է զբոսաշրջիկների մեծ հոսքի ապահովմանը, ինչն էլ տնտեսական լուրջ նշանակություն է ունենում։
«Այդ համատեքստում շատ կարևոր է, որ տնտեսական օգուտները հենց մարզերում են լինում, սահմանամերձ համայնքներում։ Չէ՞ որ մեկ փառատոնի շրջանակում այդքան մեծ թվով այցելությունը նպաստում է ենթակառուցվածքների, հյուրանոցային տնտեսությունների զարգացմանը և մեր բնակավայրերը դառնում են առավելի ճանաչելի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Արենի գինու փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը նշեց, որ կառույցն այս տարի աջակցություն է ցուցաբերել 12 փառատոնի, որից 10-ը հաջողությամբ իրականացել է։
«Արենի գինու փառատոնը սպասված իրադարձություններից մեկն է։ Զբոսաշրջության կոմիտեն պարբերաբար ճանաչողական այցեր է կազմակերպում լրագրողների ու բլոգերների մասնակցությամբ, ու ասեմ, որ արձագանքները վկայում են, որ շատերը ձգտում են հենց այս օրերին լինել Հայաստանում՝ մասնակցելու գինու փառատոնին։ Գաստրո ոլորտը Զբոսաշրջային կոմիտեի կողմից ընտրված թիրախային ուղղություններից մեկն է, և մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումների անցկացումը, որը նպաստում է այս դեպքում մեր գինու ավանդույթների, համայնքների հանրահռչակման»,-ասաց Անահիտ Բաղդասարյանը։
Հոկտեմբերի 3-ին փառատոնն իր աշխատանքները կսկսի ժամը 12։00-ից, պաշտոնական բացումը ժամը 13։00-ին է։