Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

2 րոպեի ընթերցում

Ինտերպոլը «Shams II» հակաահաբեկչական գործողության ընթացքում արհեստական բանականության գործիքների օգնությամբ նույնականացրել է 126 օտարերկրյա ահաբեկչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ինտերպոլի պաշտոնական կայքում։

Հունիսի 1-5-ը Թունիսում անցկացված գործողությանը մասնակցել է 11 երկրի 28 մասնագետ և փորձագետ։

Իրավապահները ջիհադիստական խմբավորումների հրապարակած տեսանյութերից և այլ տեսողական նյութերից առանձնացրել են 108 հազար 76 դեմքի պատկեր։ Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը օգտագործվել են տվյալների հավաքագրման մի մասը ավտոմատացնելու, կրկնվող պատկերները հեռացնելու և դրանց որակը ստուգելու համար։

Արդյունքում առանձնացվել է 6362 եզակի և բարձրորակ լուսանկար, որոնք մշակվել են Ինտերպոլի դեմքի ճանաչման համակարգով։ Ինտերպոլը շեշտում է, որ ԱԲ-ի ստացած արդյունքները հետագայում ստուգվել են մասնագետների կողմից։

Մինչ այժմ մշակված պատկերների հիման վրա նույնականացվել է 126 օտարերկրյա ահաբեկիչ։ Ստացված տվյալները ներառվում են Ինտերպոլի շտեմարաններում, իսկ հազարավոր այլ լուսանկարների համեմատությունը դեռ շարունակվում է։

Գործողության ընթացքում կիրառվել են նաև կրիպտոարժույթների հետագծման գործիքներ՝ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր հոսքերը բացահայտելու համար։

Հայերեն English