Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

5 րոպեի ընթերցում

Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ Հայաստանի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ միտքը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովում շեշտեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։

«Անվտանգությունը միշտ արդիական խնդիր է։ Մեր ներկայիս անվտանգության միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին։ Ավանդական ռազմական սպառնալիքները մնում են իրականություն, բայց պետություններն ու նրանց քաղաքացիներն այժմ ստիպված են դիմակայել կիբեռհարձակումներին, ապատեղեկատվական արշավներին, տնտեսական հարկադրանքին, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներին և մատակարարման շղթայի խափանումներին»,- ասաց դեսպանը։

Այս համատեքստում ազգային անվտանգությունն, ըստ նրա, այլևս չի կարող դիտարկվել բացառապես որպես պաշտպանական կառույցների, հետախուզական ծառայությունների ու իրավապահ մարմինների պատասխանատվություն և այլևս չի հանդիսանում բացառապես պետության պատասխանատվության ոլորտ։ Այս մարտահրավերները, դիվանագետի համոզմամբ, պահանջում են ազգային գիտակցում և ազգային մոտեցում՝ ուղղված անվտանգությանը, պաշտպանությանն ու դիմակայունությանը։ Դեսպանի կարծիքով՝ առկա անվտանգային սպառնալիքների պայմաններում քաղաքացիներն ու հաստատությունները չպետք է դիտարկվեն որպես պասիվ դերակատարներ կամ պարզապես զոհեր։

«Հայաստանի հասարակության և հաստատությունների ներուժի արդյունավետ օգտագործումը վճռորոշ նշանակություն կունենա անվտանգության և դիմակայունության ապահովման համապարփակ մոտեցման իրականացման գործընթացում։ Այս համաժողովը դրա վառ օրինակն է. այն համախմբում է տարբեր նախարարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի փորձագետների, ինչպես նաև միջազգային գործընկերների։ Մենք կքննարկենք մարտահրավերներն ու հնարավորությունները։ Անվտանգությունն ու ժողովրդավարական արժեքները փոխադարձաբար ամրապնդվում են: Հայաստանը մնում է դրական, բայց անկայուն դիրքում՝ առաջընթաց գրանցելով երկարատև խաղաղության ուղղությամբ, միաժամանակ բախվելով արտաքին ճնշման: Այս համատեքստում հաշվետվողականության, հանրային վստահության և ինստիտուցիոնալ որակի ապահովումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն»,- ասաց Քոուլը:

Նա հավելեց, որ Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև համեմատաբար նոր հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակներում բրիտանական կողմն աշխատում է աջակցել ինչպես ժողովրդավարական և ինստիտուցիոնալ կայունությանը, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումներին՝ ընդգրկելով կառավարական համակարգն ամբողջությամբ։

«Մեծ Բրիտանիան, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, շարունակում է աջակցել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա օգտվել խաղաղության ընձեռած հնարավորություններից և ամրապնդել իր ազգային կայունությունը՝ աշխարհում գնալով ավելացող անորոշությունների պայմաններում։ Մեծ Բրիտանիան ևս մշակում է պաշտպանության ոլորտում հասարակության լայն ներգրավվածության վրա հիմնված սեփական մոտեցումը. մեզ համար սա դեռևս համեմատաբար նոր ռազմավարություն է։ Կարծում եմ՝ կարելի է վստահորեն ասել, որ մենք մեծ փորձառություն ունենք այդ ոլորտում՝ բազմաթիվ սպառնալիքների զսպման և դիմակայունության ապահովման առումով։ Հենց այդ պատճառով էլ այսօրվա մեր հանդիպման առանցքում փորձի փոխանակումն է։ Կարծում եմ՝ մենք կարող ենք սովորել միմյանցից»,- նշեց դիվանագետը։

Նրա դիտարկմամբ՝ բրիտանական կողմի մոտեցումը հիմնված է պաշտպանական ծախսերի ավելացման, պաշտպանական արդյունաբերության նոր ռազմավարության, կայունության ապահովման նոր հայեցակարգերի մշակման և Միացյալ Թագավորության ներքին պաշտպանության ծրագրի իրագործման վրա։

«Մենք պետք է գիտակցենք, որ կպահանջվի մեծ աշխատանք՝ անվտանգության և կայունության համապարփակ համակարգի վերաբերյալ մեր բոլոր առաջարկները գործնական նախագծի վերածելու համար, ինչը հնարավոր կդառնա ընդհանուր տեսլականի, հասարակության լայն աջակցության, հստակ պարտականությունների և արդյունավետ կառավարման շնորհիվ»,- եզրափակեց ՀՀ-ում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը։

Հայերեն English Русский

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ