Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում
2 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել Եվրոպայի դեմ, եթե Եվրամիությունը կյանքի կոչի Կանադային իր առաջին ասոցացված անդամը դարձնելու առաջարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Business Insider-ը, հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ նույն օրն ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկ էր արել Կանադայի վարչապետին, որ այդ երկիրը դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը։
Այս կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ եթե իրենք այդ քայլը համարեն թշնամական, կարող են բարձր մաքսատուրքեր սահմանել կամ սահմանափակել Եվրոպայի հետ առևտուրը։
«Եթե նրանք դա անեն, եթե ես դա որևէ կերպ համարեմ թշնամական քայլ, ես շատ լուրջ մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ Եվրոպայի հետ առևտուրը բազմաթիվ ապրանքների մասով»,- ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կարոլինա ժամանելուց հետո զրուցելով լրագրողների հետ։
Թրամփը Կանադայի՝ ԵՄ-ի ասոցացված անդամ դառնալու հնարավորությունն «ծիծաղելի» ՝ անվանել, իսկ Կանադային որակել է որպես «սարսափելի առևտրային գործընկեր»։
Սեպտեմբերի 16-ին Թրամփը նաև նախագահական հուշագիր է ստորագրել, որով դաշնային գերատեսչություններին հանձնարարել է բացահայտել Կանադայում արտադրված այն ապրանքները, որոնք կարող են դուրս մնալ դաշնային գնումների համակարգից։ Որպես պատճառ նշվել են այն խոչընդոտները, որոնց, ըստ ԱՄՆ վարչակազմի, բախվում են ամերիկյան ընկերությունները Կանադայի հետ պետական պայմանագրեր կնքելիս։