Սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական համակարգ կներդրվի

3 րոպեի ընթերցում

Հայաստանում սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգ կներդրվի, որի համար նախատեսվում է հատկացնել 20.4 միլիոն դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցները կհատկացվեն թվայնացման ֆոնդից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում նշեց, որ ծրագրի նպատակն է ձևավորել սպորտի ոլորտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգ, քանի որ ներկայումս ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չկա։

«Նախագծի նախընթաց փուլում իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, իսկ այժմ աշխատանքներն անցել են համակարգի բուն մշակման փուլ։ Նոր համակարգը հետագայում աստիճանաբար կդառնա սպորտի ոլորտի ռեգիստր և կօգտագործվի վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, ինչպես նաև մոնիթորինգի և վերահսկողության նպատակներով»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ համակարգի առաջին բաղադրիչը մարզադպրոցների գործունեության թվայնացումն է։

«Դրա շնորհիվ հնարավոր կլինի միասնական և հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների ու երիտասարդների վերաբերյալ, ինչպես նաև հետևել նրանց մարզական առաջընթացին։ Երկրորդ ուղղությունը բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեության տվյալների թվայնացումն է։ Նախատեսվում է, որ ֆեդերացիաներից ֆինանսավորման հայտերի ընդունումն ու ֆինանսավորման չափերի հաշվարկը կիրականացվեն թվային տիրույթում։ Ակնկալվում է, որ դա կնպաստի գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։ Համակարգը հնարավորություն կտա նաև հետևել մարզիկների մարզական հետագծին։ Այդ տվյալները կարող են կարևոր նշանակություն ունենալ տարբեր որոշումների ընդունման գործընթացում, այդ թվում՝ տարկետման համակարգի շրջանակում։ Միաժամանակ հնարավոր կլինի ամբողջական պատկեր ստանալ Հայաստանի հավաքականների՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրանցած արդյունքների և դրանց ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ»,-նշեց նա։

Որպես երրորդ բաղադրիչ, նախարարը նշեց, որ  նախատեսվում է տվյալներ հավաքագրել նաև մասսայական սպորտի վերաբերյալ։

«Դա հնարավորություն կտա հետևել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշներին, այդ թվում՝ մարզասրահներ այցելություններին։ Հետագայում այդ տվյալները կարող են հիմք հանդիսանալ նաև համակարգի՝ առողջության ապահովագրության ոլորտի համապատասխան մեխանիզմների հետ փոխկապակցման համար»,-հավելեց Անդրեասյանը։

Հայերեն English

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին