Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է
2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՍՇՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել կառուցապատող ընկերության հետևյալ վարքագիծը.
- Բնակելի համալիրում «SCHUCO» ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը
- Դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը
- Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսյերժ ծառայություններ չապահովելը
- Շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։
Արդյունքում, կատարած խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 272 000 ՀՀ դրամի չափով։
Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ`
1․ բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ
2․ Ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց.
3․ Շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ը ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589 000 ՀՀ դրամը.
4․ Ապահովել 24/7 կոնսյերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.։