Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հաստատեց նաև աշնան առաջին ամսին երկրից ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսվարողներին պետական փոխհատուցում տրամադրելու որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկն ընդունվեց միաձայն։

Ըստ այդմ, ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի արտահանման համար տնտեսվարողներին կտրամադրվի 770, պալերմո տեսակի պղպեղի՝ 500, չերրի տեսակի լոլիկի և պղպեղի՝ 400-ական, լոլիկի՝ 275, սմբուկի՝ 200, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 50 ՀՀ դրամի փոխհատուցում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադառնալով ծրագրին՝ նշեց, որ դրանից հանվել են սեպտեմբերին արդեն արտահանման ներուժ չունեցող որոշ ապրանքներ, մասնավորապես՝ մոշը, կեռասը, ազնվամորին և այլն։

Միաժամանակ, մեկ ամսով երկարաձգվել է վերամշակման նպատակով մթերվող դեղձի ու թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը։ Բանջարեղենի համար նախորդիվ ընդունված աջակցության բոլոր ծրագրերը պահպանվել են։

Ըստ Գևորգ Պապոյանի՝ աջակցության այս ծրագրերն ամբողջությամբ ծառայել են նպատակին։ Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 849 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 865 մլն դոլար արժողությամբ արտադրանքի դիմաց։ Մեկամյա վաղեմության ցուցանիշի համեմատ պակասորդն ընդամենը 1․85 տոկոս է։ Նրա գնահատմամբ՝ հաշվի առնելով այս տեմպերը՝ օգոստոսին ցուցանիշը հնարավոր է նույնիսկ գերազանցվի։

Հայտարարվեց, որ նախորդ տարվա համեմատ շշալցված բրենդիի արտահանումն աճել է 19, բրենդիի սպիրտինը՝ 12, պտուղ-բանջարեղենային պահածոներինը՝ 18, իսկ չոր մրգերինը և բանջարեղենինը՝ 151 տոկոսով։

Փոխարենը, գինու արտահանումը կրճատվել է 8, մրգահյութերինը և բանջարեղենի հյութերինը՝ 1, ծաղիկներինը՝ 27 տոկոսով։ Պապոյանը նշեց, որ 2025-ին օգոստոսի 1-ի դրությամբ արտահանվել էր 39 մլն, այս տարվա նույն օրվա դրությամբ՝ 30 մլն 100 հազար հատ ծաղիկ։

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է․ մենք դիվերսիֆիկացնում և արտահանում ենք»,-նշեց նա։

Նախարարը նաև մանրամասնեց, որ այս տարի Հայաստանից ծաղիկ է արտահանվել 28, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16 երկիր։ Նշվեց, որ դա արտահանման աննախադեպ լայն աշխարհագրություն է։

Գևորգ Պապոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի արդեն մթերվել է շուրջ 6 հազար տոննա դեղձ՝ նախորդ ողջ տարվա 3860 տոննայի փոխարեն։

Հայերեն English Русский

Իրազեկման աշխատանքային հանդիպումներ՝ Անիի համայնքապետարանի ավագանու անդամների համար

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին

Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի և չի ունեցել. Փաշինյանի արձագանքը՝ Զախարովայի հայտարարությանը

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն